Home / Տեսանյութեր / Դատավորը Վարդգես Գասպարիի տուգանքին իր կողմից 50 հազար ավելացրեց

Դատավորը Վարդգես Գասպարիի տուգանքին իր կողմից 50 հազար ավելացրեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, տարբեր ակցիաների մասնակից Վարդգես Գասպարիին ոստիկանության աշխատակիցներին և դատավորին վիրավորելու մեջ և նրան դատապարտել 450 հազար դրամ տուգանքի։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը տուգանքի չափն ավելացրել է 50 հազար դրամով․ մեղադրող դատախազը 400 հազար էր պահանջել։

Վճռի հրապարակմանը չէին ներկայացել ոչ Գասպարին, ոչ էլ նրա պաշտպանները։ Լրագրողների հետ զրույցում նիստին ներկա իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նշել է, որ հայաստանյան դատարանների որոշումները չեն կարող ընդունելի լինել, քանի որ վերջիններս կոռումպացված են․ «Իրենց որոշումները իմ համար ընդունելի չեն։ Այն, որ դատարաններն անընդհատ օրենք են խախտում, Հայաստանի համար արդեն նորմալ է դարձել։ Մենք կարող ենք մտնել ցանկացած դատարան Հայաստանում և նույն բանին ականատես կլինենք։ Գասպարին իր իրավունքներն է պաշտպանում, իսկ դա մեր դատարանին հանում է հունից, որովհետև իրենք սովոր չեն նման վերաբերմունքի, բայց դա շատ ճիշտ վերաբերմունք է»։

Նշենք, որ Գասպարին, համաձայն մեղադրանքի, վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, մասնավորապես, «ստոր սրիկաներ», «Մարտի 1֊ին դուք սպանեցիք իմ եղբորը», «մարդասպաններ», «անինքնասեր անարժանապատիվներ», «թափթփուկներ», «հանցագործներ», «լակոտներ»: