Գլխավոր / Հայաստան / ՃՈ աշխատակցի հետ վեճում միշտ վարորդն է «մեղավոր»․ վերջինս մտադիր է դատարան դիմել

ՃՈ աշխատակցի հետ վեճում միշտ վարորդն է «մեղավոր»․ վերջինս մտադիր է դատարան դիմել

Երևան քաղաքի բնակիչ Գևորգ Գևորգյանը մեքենայով մարտի 2-ին Բագրևանդ փողոցում բախվել է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) մեքենային: Վարորդը պնդում է, որ վթարի պատճառը ոստիկանական մեքենան է, քանի որ վերջինիս կտրուկ շրջադարձի պատճառով է դեպքը տեղի ունեցել: Ըստ ՃՈ պաշտոնական եզրակացության, սակայն, վթարի մեղավորը Գևորգյանն է: Վերջինս դիմելու է դատարան՝ իր ճշմարտացիությունն ապացուցելու նպատակով:

Գևորգյանի խոսքով՝ գործով քննիչ Դավիթ Ավագյանն իրեն ասել է, որ ամեն դեքում մեղավոր են ճանաչելու վարորդին և ոչ ՃՈ աշխատակցին․ «Ի սկզբանե այն տպավորությունն էր արդեն, որ ով էլ լիներ վթարի իրական մեղավորը, մենք էինք տուժելու, իսկ եզրակացությունը կար մինչև հետաքննությունը»:

Epress.am-ի հետ զրույցում վարորդը պատմել է դեպքի մանրամասները. «Ընթացել եմ թույլատրելի արագությամբ: Այդ ժամանակ դիմացովս շատ դանդաղ արագությամբ «Մերսեդես» էր գնում և Ճանապարհային ոստիկանության մեքենա: Նույնիսկ տպավորություն է եղել, որ մեքենանները կանգնած են: Քանի որ ճանապարհը կետգծերով էր և վազանցը թույլատրվում էր, իսկ դիմացն էլ ազատ էր, թարթիչը միացրել էի, ձախ դասավորվել, որ շրջանցեմ երկուսին էլ: Սակայն ՃՈ մեքենան կտրուկ ձախ է թեքվել՝ շրջադարձ կատարելու համար: Հնարավորություն չեմ ունեցել արագ արգելակել և հարվածել եմ ՃՈ մեքենային: Ակնհայտորեն ոստիկանը շրջադարձ անելուց առաջ չի նայել հայելու մեջ: Փաստորեն, ես թույլատրելի արագությամբ վարել եմ թույլատրելի տեղով, իսկ ոստիկանը մեքենան կտրուկ քաշում է ինձ վրա: Վերջում էլ ես եմ մեղավոր»:

ՃՈ մեքենան վարող ոստիկանը և դեպքի վայր ժամանած հետաքննիչ Դավիթ Ավագյանը պնդել են, որ վթարի մեղավորը Գևորգյանն է: Արդեն բաժնում, բացատրագիր գրելիս, Գևորգյանի վկայությամբ, սկսել են «այլ» առաջարկներ անել:

«Թե բա ոստիկանը չի՞ փորձել քեզ հետ կապնվի, բա մի ձևի հաշտվեք, դե դու էլ մեղավորություն ունես: Ասում են՝ դե կարող ա մեղավոր չես, բայց դու էլ քո մեղավորությունը կունենաս: Եկեք ընդունեք ու մի ձև բարիշեք իրար հետ», — ոստիկանությունում զրույցների մասին պատմել է վարորդը:

Երբ Գևորգյանը պնդել է, որ համաձայնության ոչ մի եզր չի տեսնում, Դավիթ Ավագյանը ասել է․ «Այդ դեպքում դու ես մեղավոր լինելու»:

Բաժնում Գևորգյանին պարզաբանել են, թե որ հոդվածի, որ մասով է վերջինս մեղավոր:

«Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ նրանք բերում էին տարբեր հոդվածներ, որ հարմարեցնեն այս գործին: Բայց հենց մենք հակադարձում էինք՝ ասելով, որ ոստիկանական մեքենան ոչ թե կանգնած է եղել, այլ շարժվել է, իսկ էդ հոդվածը կանգնած մեքենայի մասին է, բաժնի պետը, բոլորը ասել են՝ վայ, հա, էս հոդվածը չի բռնում: Դա մի աբսուրդ վիճակ էր: Որը կբռնի, կբռնի, մի խոսքով: Հիմա մի լղոզված ձևի սարքել են, որ մենք մեղավոր ենք, բայց դրանից չես հասկանում, թե մեր մեղավորությունը որտեղ է ապացուցվում», — ասել է Գևորգյանը:

Դեպքից անմիջապես հետո ոստիկանը Գևորգյանին ասել է, որ մեքենայի մեջ տեսանկարահանող սարքը անջատված է եղել: «Փաստորեն, ինքը աշխատանքի մեջ է, բայց կամերան անջատած, ինքը խախտում է հայտնաբերում անջատած կամերայով»: Սակայն հետո հետաքննիչը հայտնել է, որ համապատասխան տեսանյութը ի հայտ է եկել: «Այդ ժամանակ ասաց՝ դե լավ, դուք վաղը կգաք մենք մի հատ գնանք, տեսնենք՝ կբացի, թե չէ վիդեոն, հաջորդ օրը պարզվում է, որ վիդեոն կա»:

Գևորգյանի խոսքով՝ ոստիկանության բաժնում իրենց բացատրել են, որ մեքենայի տեսախցիկը իրականում աշխատել է, սակայն մեքենայում տեղադրված մոնիտորն անջատված է եղել։

Տեսանյութը տեսնելուց հետո Գևորգյանն այն տարել է ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ, որտեղ փորձագետներն իրենց ասել են, թե այն սկզբից ու վերջից մոնտաժված է, և վարորդին տեսանյութի միայն մի մասն է տրամադրվել։