Home / Տեսանյութեր / Կարեն Վարդանյանին սպանել են, դին թաքցրել 2 շաբաթ․ ոստիկանություն

Կարեն Վարդանյանին սպանել են, դին թաքցրել 2 շաբաթ․ ոստիկանություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանին սպանել են, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վարդանյանն անհետացել էր մարտի 17-ին, մարտի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մարտի 31-ին, ժամը 23.40-ին Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնված Ա. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը:

Ոստիկանության վարկածի համաձայն, մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:

Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Սպանության շարժառիթների մասին ոստիկանությունն առայժմ չի հայտնում։

Ավելի վաղ Կարեն Վարդանյանի անհետանալու մասին խոսել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։