Home / Տեսանյութեր / Սահմանին մարդիկ են զոհվում Սարգսյանի և Ալիևի ամերիկյան այցերի ֆոնին

Սահմանին մարդիկ են զոհվում Սարգսյանի և Ալիևի ամերիկյան այցերի ֆոնին

Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկվել են ակտիվ հարձակողական գործողություններ, որոնց ընթացքում կիրառվել են տանկեր, հրետանի և օդուժ, ադրբեջանական զինուժը փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր, հայտնում է ՀՀ Պաշտպանութան նախարարությունը: Չնայած Ադրբեջանի ՊՆ֊ի հերքմանը, ՀՀ ՊՆ֊ն պնդում է, որ հայկական զորքերը Ղարաբաղում ադրբեջանական ուղղաթիռ են խոցել։

Պաշտոնական աղբյուրները հայտնում են զոհվածների մասին։ Համաձայն հայկական կողմի, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է:

Ադրբեջանի ԱՊԱ լրատվական գործակալությունը, իր հերթին, գրում է, որ հայկական կողմի արձակած հրետանային կրակի հետևանքով Գարագաջի գյուղում մահացել է Ջալալ Ռահիմովը, իսկ նրա որդին՝ Օրհան Ռահիմովը, կորցրել է ոտքերը։

Epress.am֊ի լրագրողը հեռախոսով կապվել է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող սահմանային գյուղերի բնակիչների հետ, ովքեր պատմել են, որ գիշերը լայնածավալ հրետակոծություն և գնդակոծություն է եղել։ Առավոտից գյուղերի բնակիչները սեփական ուժերով ժամանակավորապես հեռանում են ռմբակոծվող տարածքներից դեպի Լեռնային Ղարաբաղի խորքում գտնվող գյուղեր։

Նշենք, որ շփման գծում սրումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրեբջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ այցերի ֆոնին։ Երկու նախագահներն էլ պետությունների Գերագույն գլխավոր հրամանատարներն են։

մամուլի հաղորդագրություններ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, որ հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման․ «Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»:

Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դյարգյահլին դրան պատասխանել է, թե «Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում՝ ամբողջական կազմով»։

Ադրբեջանի ՊՆ֊ն հաղորդում է, որ «ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծում ադրբեջանական ստորաբաժանումները ինտենսիվ ռմբակոծման են ենթարկվել։ Բացի դա, գնդակոծվել են նաև այն հատվածները, որտեղ ապրում է քաղաքացիական բնակչությունը»։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ադրբեջանական զինուժը հակահարվածներ է հարցնում և պատասխան գործողություններ է իրականացնում հայկական զինուժի դեմ։

Հայաստանի ՊՆ֊ն տարածած հաղորդագրության մեջ հակառակն է պնդում․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետևանքների: Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդում է, որ «Լևոնարխ բնակավայրի մատույցներում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է»: