Home / Հայաստան / Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտգործնախարարները խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտգործնախարարները խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին՝ կողմերին կոչ անելով վերականգնել հրադադարի ռեժիմը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մարկ Թոները։

Նա նշել է, թե զրույցի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են այն հարցը, թե ինչ ջանքեր պետք է գործադրվեն հակամարտության գոտում բռնությունն անհապաղ դադարեցնելու համար։

Թոների խոսքով՝ իրենք կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Հեռախոսազրույցին վերաբերող Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քերին ու Լավրովը քննադատել են որոշ «արտաքին խաղորդների»՝ իրավիճակը սրելու փորձերը։ Ովքեր են այդ «խաղորդները» հաղորդագրությունը չի մանրամասնում։

Սերգեյ Լավրովը հակամարտության ընթացքը քննարկել է նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ֊Վալթեր Շտայնմայերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, նշում է ՌԴ արտգործնախարարության կայքը։

Նշենք, որ ղարաբաղա֊ադրեբջանական շփման գծում մարտերը սկսվել են ապրիլի 2-ի վաղ առավոտյան և շարունակվում են մինչ օրս։ Հայկական և ադրբեջանական կողմերից տասնյակ զինծառայողներ են զոհվել, անհետ կորել կամ վիրավորվել, զոհեր կան նաև քաղաքացիական անձանց շրջանում։