Home / Հայաստան / Զինվորը ձերբակալվել է ծառայակիցներին սպանելու մեղադրանքով․ Քննչական կոմիտե

Զինվորը ձերբակալվել է ծառայակիցներին սպանելու մեղադրանքով․ Քննչական կոմիտե

Ապրիլի 6-ին կատարված սպանության մեջ կասկածվող շարքային զինծառայողը ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։ Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում ձերբակալվածի անունը, ինչպես նաև այն, թե որտեղ է եղել դեպքը՝ ՀՀ Զինված ուժերի, թե Պաշտպանության բանակի զորամասերից մեկում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ «2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը»:

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Ավետիսյանի, ապա՝ Արամյանի ուղղությամբ: Ավետիսյանը՝ կրծքավանդակի շրջանում, իսկ Արամյանը՝ որովայնի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով)», ֊ մասնավորապես, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: