Home / Հայաստան / Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում

Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր կայացած հերթական դատական նիստի ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալ։

Ցուցմունք չտալու պատճառները հասկանալու համար հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը փորձել է ճշտել, թե ինչպես է իրեն զգում Պերմյակովը, սակայն վերջինս ասել է, որ իր ինքնազգացողությունը լավ է։

Հանրային պաշտպանի այն հարցին, թե արդյո՞ք վերջինս իրեն կաշկանդված է զգում, կամ իրեն ահաբեկել են և դրա համար մեղադրյալը չի ցանականում ցուցմունք տալ, Պերմյակովը բացասական պատասխան է տվել։ Նա նաև հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք մենակ է եղել, երբ մտել է Ավետիսյանների բնակարան։

Քանի որ Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ, դատարանը որոշել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, որտեղ զինծառայողը պատմել է, թե ինչպես է իր ինքնաձիգով գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում նաև 2 տարեկան երեխային, իսկ երբ վերջացել են փամփուշտները, մոտեցել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահճակալին և 3-ից ոչ պակաս սվին դանակի հարված է հասցրել երեխային։

Ցուցմունքներում նա նաև նշել է, որ Ավետիսյանների տուն մարդկանց սպանելու նպատակով չի մտել, և այդ ամենը ինքնաբերաբար է ստացվել։ Պերմյակովը ասել էր, որ զղջում է կատարվածի համար։

Նշենք, որ, համաձայն քննության, Պերմյակովը 2015-ին թվականի հունվարի 12-ին լքել է զորամասը, մտել է Ավետիսյանների տուն, ինքնաձիգի գործադրմամբ սպանել է ընտանիքի 6 անդամներին և սվին դանակով հարվածներ է հասցրել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։ Մանկահասակ երեխան մահացել է հիվանդանոցում 7 օր անց։ Դատական նիստերից մեկի ժամանակ ռուսաստանցի զինծառայողն ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչում «ամեն ինչում»։