Home / Հայաստան / Խուզարկուի կերպարը լավ է տեղավորվել 21-րդ դարում

Խուզարկուի կերպարը լավ է տեղավորվել 21-րդ դարում

Հեղինակ՝ Նունե Հախվերդյան

Հոդված՝ Խուզարկուի կերպարը լավ տեղավորվեց թվային միջավայրում

Շերլոկ Հոլմսի իննովացիոն հետքերով

Մասնավոր խուզարկու Շերլոկ Հոլմսի արկածները կարդալիս կամ նրա կերպարի շուրջ նկարահանված բազմաթիվ ֆիլմերն ու սերիալները դիտելիս զգում ես, որ դասական դարձած այս դետեկտիվային պատմություններում կարևորը հանցանքն ու հանցագործին բացահայտելը չէ, ոչ էլ անգամ՝ բացահայտման բուն պրոցեսը: Կարևորը՝ բացահայտողն է:

Առեղծվածային դեպքեր հետաքննող լոնդոնաբնակ խուզարկուն հենց ինքն է ամենամեծ ու մնայուն առեղծվածը, որը դրդում է տարբեր ստեղծագործողներին պատմել սեփական պատմությունները՝ օգտագործելով Արթուր Քոնան Դոյլի գրավիչ ու ձգողական ուժով օժտված հերոսին:

Բացատրությունը, թերևս, շատ պարզ է. Շերլոկ Հոլմսը ժամանակակից է այսօր, քանի որ իր ստեղծման ժամանակ էլ էր խիստ ժամանակակից: Խուզարկության նոր ու թարմ (շատ դեպքերում՝ պիոներական) մեթոդները, արդիական տեխնոլոգիաների իմացությունն ու կիրառումը Շերլոկ Հոլմսի ուժն ու հմայքն են: Նա գիտի ամեն ինչ ու մի քիչ էլ ավելին: Նա գիտի անգամ այն, ինչը բանականությունից դուրս է ու մոտենում է ընդուպ միստիկական շերտերին:

Նա այն հերոսն է, որն իր մեջ խտացնում է արկածների կարոտն ու միշտ մի քանի քայլ առաջ տեսնելու ունակությունը: Պատմվածքներից մեկում նա ասում է, որ իր ուղեղը թառամում է անգործությունից. «Տվեք ինձ բարդ գործ, անլուծելի և խճճված խնդիր, ու ես կվերակենդանանամ»:

Հետաքրքիր գործը նրա թմրամիջոցն է, որն ավելի ազդեցիկ է, քան այն թմրադեղերը, որոնց մասին պարբերաբար հիշատակվում է գրական հիմքում: Եվ թմրամոլ Շերլոկ Հոլմսը դրանով դառնում է եզակի, քանի որ իր թե՛ ուղեղը, թե՛ մարմինը կոփում ու նախապատրաստում է ապագայում սպասվելիք նորանոր գլուխկոտրուկներ լուծելու համար:

Նա նայում է դեպի ապագա, անցյալ չունի, իսկ ներկան (համենայնդեպս կենցաղային առումով) նրան բնավ չի մտահոգում: Հարկ եղած դեպքում ասկետ էլ կդառնա, միայն թե չթողնի, որ ուղեղն անգործ մնա ու ձանձրանա:

Եթե մի կողմ թողնենք գրական ու պատմական համատեքստն ու դիտարկենք Շերլոկ Հոլմսի մաքուր արքետիպը, կստացվի, որ նա կատարելագործությանը ձգտող բացարձակ էգոիստ է: Նրա եսասիրությունը իրապես կատարյալ է, քանի որ նա անում է միայն այն, ինչ սիրում է:

Էգոիզմի հմայքը

Թվում է, որ հանցանքը հետաքննելը այլտրուիստական քայլ է, որն օգնում է մարդկանց անհրաժեշտ տեղեկություն հավաքել, պատժել ստահակներին ու ի վերջո, արդարության հասնել: Բայց դա միայն առաջին հայացքից:

Եթե հիշենք պատմվածքները, կտեսնենք, որ Շերլոկ Հոլմսը ոչ միշտ է տոգորված արդարության ու մեղավորներին պատժիչ մարմիններին հանձնելու տենչով: Նրա համար կարևորը հետաքննության հոգեբանական արդյունքն է. եթե բավարարվեց, միանգամից սառչում է: Անգամ կա հաշվարկ, որ 60 ստեղծագործություններից 14-ում Շերլոկ Հոլմսը հետևում է ոչ թե օրենքին, այլ իր անհատական պատվո կոդեքսին ու բաց է թողնում հանցագործին, եթե համարում է, որ նա իրավացի էր:

Արդարի ու անարդարի, լավի կամ վատի, հանրօգուտ ու մարդասիրական գործի հարց չի դրվում: Դրվում է միայն հոգեբանական բավարարվածության հարց: Իսկ երբ անհատի համար միակ անբեկանելի արժեքը սեփական բարձորակ մտավոր աճպարարությունն է, այդ անհատը արդիական է միշտ:

Դա եսասիրության այն գայթակղիչ կիզակետն է, որը վիկտորիանական դարաշրջանի ներկայացուցիչ Արթուր Քոնան Դոյլը ժառանգել է հաջորդ դարերին: Կյանքն իմաստ ունի, եթե այն հետազոտում ես: Ոչ թե փոխում կամ հեղափոխում ես, այլ հենց հետազոտում ես: Այսպես ասած՝ դիզում ես գիտելիքները, տպավորություններն ու մարդկային պատմությունները: Իսկ հետո՝ գոհունակությամբ շունչ քաշում, եթե հաջողվում է դեդուկտիվ եղանակով դասավորել վարկածներն ու հասնել հանգուցալուծման:

Տիպարային այս մատրիցան հայալեզու գրականության մեջ վավերացումներ թերևս չունի: Մենք կարծես հետազոտելու ու խուզարկելու ժամանակ չունենք, ավելի շատ սիրում ենք այն հերոսներին, որոնք պայքարում են, պատերազմում, ներքին ձայնն ու խղճի խայթը հակադրում արտաքին հանգամանքներին: Այսինքն՝ միշտ զբաղված են անցյալի ու ապագայի միջև կամուրջներ կառուցելով ու ընդհանուր մի մոդելի մեջ տեղավորվելով: Բայց ռեֆլեքսիվ ու, առավելևս, խիստ անձնական հաճույքը (զննելն ու ուսումնասիրելը) ազգային հարցերից ու ցավերից վեր դասող հերոս դժվար ունենանք:

Շերլոկ Հոլմսը ինքնաբավ ու ինքավստահ է, որոշ դրվագներում՝ ինքնասիրահարված: Եվ դա այն պերսոնաժն է, որը շատ լավ զգաց իրեն 21-րդ դարում, երբ Քոնան Դոյլի գրականության հանդեպ ուշադրության ահռելի ալիք բարձրացավ:

21-րդ դարում էգոիստ խուզարկուները պահանջված են: Ի վերջո, ցանկացած մարդ, որը սմարթֆոնը ձեռքին փորփրում է ինտերնետն ու հսկայական սոցիալական ցանցի մի պտուտակը դառնում, արդեն իսկ հետազոտում ու խուզարկում է: Եվ Շերլոկ Հոլմսի նման՝ փոքր-ինչ սոցիոպատ է:

Վիկտորիանական դարաշրջանից՝ թվային միջավայր

Ընդհանուր առմամբ՝ Շերլոկ Հոլմսը հայտնվում է Արթուր Քոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վիպակներում (Հոլմսի առաջին հայտնությունը1887-ին էր, վերջինը՝ 1927-ին):

Կապիտալիզմի ու տեխնոլոգիաների զարգացումը փոխել էր անգլիական կյանքի ռիթմը: Վիկտորիանական դարաշրջանը ինտենսիվ հայտնագործությունների, ճանաչման ու աշխարհով հիանալու ժամանակ էր: Գնահատվում էր նորը, անհայտը, էքսցենտրիկ մասնագիտությունները, մեծ հանցագործներն ու մեծ խուզարկուները:

Ընդհանրապես մեծարվում էին կրքոտ, ոգևորված, նորը կանխագուշակող մարդիկ:

Եվ ամենակարևորը՝ ձևավորվում էր ժամանակակից մեգապոլիսի պատկերացումը՝ նոր հանրային կապերով ու ենթակառուցվածքներով:

Քոնան Դոյլը, ստեղծելով ժամանակից վեր կանգնած, ունիկալ հերոս, դարաշրջանի սպասելիքները տարրալուծում է ոչ թե Շերլոկ Հոլմսի կերպարի մեջ (տնակյաց ու միզանտրոպ), այլ նրա շուրջը: Հոլմսը հետաքննում է բանկային խաբեությունները, քաղաքական ինտրիգները, տեխնիկական առաջընթացի հետ կապված հանցանքները, տնտեսական խարդախությունները, մամուլի ու ընդհանրապես հանրայն հարթակների աճող դերը:

Լոնդոնում մոդեռն կյանքն էր ծագում, ամեն ինչ եռում ու եփվում էր: Իսկ Շերլոկ Հոլմսը՝ Բեյքեր սթրիթի իր բնակարանում նստած (հաճախ տնից դուրս գալու հավես էլ չուներ), բծախնդրորեն ու ներփակված վերլուծում է իր շրջապատը:

Վիկտորիանական դարաշրջանը քարոզում էր ընտանեկան արժեքներն ու հստակ էթիկետը: Տաքուկ բուխարին ու թեյախմության ավանդույթը այդ շարքից են: Քոնան Դոյլի մոտ ամեն ինչ խառնված է: Շերլոկ Հոլմսը բարդ հարաբերություններ ունի ընտանիքի հետ (եղբայր Մայքրոֆթի հետ, օրինակ): Եվ ընհանրապես նա անհուսալիորեն և ցուցադրաբար միայնակ է: Ինքն իրեն շրջապատել է հարմարավետ իրերով (ջութակ, ծխախոտ, բազկաթոռ) ու ստանում է հերթական ադրենալինի դոզան ոճրագործության հետքը որսալով:

Իհարկե, կա բժիշկ Վաթսոնը, բայց նա խաղում է մոտավորապես այն դերը, ինչ Համլետի կողքին խաղում էր Հորացիոսը: Նա ոչ թե պատումը առաջ տանող շարժիչ ուժերից մեկն է, այլ գլխավոր հերոսի ալտեր էգոն, որն ընդգծում է Հոլմսի եզակիությունը:

Շերլոկ Հոլմսը կանանց էլ առանձնապես չի սիրում (մի անգամ սիրահարված եղել է, բայց սերն ավելի շուտ հավասազոր էր ոչ թե կրքի, այլ հարգանքի) ու ընտանիք կազմելու մտադրություն չունի: Ընդհանրապես, հստակ չի, թե նա ինչ մասնագիտություն ունի: Երևի թե քիմիկոս է, կամ կենսաբան: Ամեն դեպքում լավ հասկանում է հիվանդություններից, դեղերից, թույներից և այլ կենսական լուծույթներից:

Շերլոկ Հոլմսը բառիս բուն իմաստով ջենթլմեն չի (իսկ այդ եզրը հստակ չափորոշիչներն ուներ՝ ունեցվածք, կրթություն, ապրելակերպ, էթիկետ, հագուկապ), ավելի շուտ մարդ է, որն ինքն իրեն սարքել է:

Սոցիալական նոր խավ էր ձևավորվում ու առաջ էին գալիս նոր վախեր: Շերլոկ Հոլմսը այդ ամենը կրում է իր մեջ: Հիշենք, որ անգլիական դենդիները փողի համար չէին աշխատում: Դա նվաստացուցիչ էր: Աշխատել կարելի է միայն հաճույքի համար և միայն սիրելով սեփական գործը: Եվ Քոնան Դոյլն էլ անընդհատ ընդգծում է, որ իր պերսոնաժը պրոֆեսիանալ չէ, պարզապես ազատ ժամանակ սիրում է մեկ կամ երկու խնդիր լուծել՝ ընտրելով իր համար ամենահետաքրքրականները:

Դեդուկցիան ընտրելու տեխնիկա է: Բոլոր վարկածներից՝ մերժելով ու անհիմն համարելով երկրորդականը, ընտրում ես ամենահավանականը: Եվ իհարկե, չես մոռանում, որ պետք է հաճույք ստանալ, ինչպես Հոլմսը: Ընդ որում՝ ազնվորեն, առանց ինքնախաբեության: Նա, օրինակ, նեղսրտում էր, որ իսկական ոճրագործները վերացել են: Այսինքն, չկան իր ներուժին համարժեք հակառակորդներ:

Ոճրագործության բացահայտումը շղթայի օղակներն իրար կապելն է: Ու վերջում էլ՝ թարմ, չփոշոտված հայացքով փաստերը վերևից զննելը: Ինտերնետը (որպես գյուտ և որպես փաստերի հավաքատեղի) շատ լավ տեղավորվեց Հոլմսի կերպարի շուրջ:

Կինոն սիրեց Շերլոկ Հոլմսին

Դետեկտիվ ժանրի բոլոր գործերն էլ իրենց կառուցվածքով եռափուլ են (գաղտնիք, հետաքննություն, հանգուցալուծում ), բայց Քոնան Դոյլի պատմվածքներում գեղեցկությունը դետալների մեջ է:

Սովորաբար դետեկտիվները մի քանի անգամ չեն կարդացվում, քանի որ երբ պարզ է, թե ով է մարդասպանը, նորից կարդալն իմաստ չունի: Շերլոկ Հոլմսի դեպքում այդպես չէ. նրա մասին կարդում ենք ու շարունակում հերթական էկրանավորումը դիտել, քանի որ կարևոր են մանրուքները:

Եթե կարելի է այսպես ասել՝ մեզ հետաքրքրում են անհատի ու համակարգի փոխհարաբերություններից ծագած ոտնահետքերն ու մատնահետքերը:

21-րդ դարում Շերլոկ Հոլմսի բում է: Նրա արկածների հիման վրա իրար հերթ չտալով ֆիլմեր, սերիալներ ու ներկայացնումներ են ստեղծվում: ժանրերի ամպլիտուդան ահռելի է՝ թրիլերներ, թեթև ու ծանր պարոդիաներ, հոգեբանական դրամաներ, պատկերապատումներ, անիմե ֆիլմեր: Շերլոկ Հոլմսը կարող է լինել երիտասարդ, ծառամյալ (անգամ Ալցհայմերի հիվանդությամբ տառապել), խիստ պահպանողական կամ մարգինալ, ապրել մեր օրերում կամ մեկ դար առաջ: Բայց բոլոր դեպքերում կինոհերոս դառնալով, նա նորովի պատմում է մի հին պատմություն, որը արդիական է միշտ ու ամենուրեք: Դա անհատի ու շրջապատի հարաբերություններն են:

Իհարկե, մարդ արարածը սիրում է գաղտնիքներ բացահայտել, տարբեր մտավոր կազուսներ լուծել՝ կասկածյալներով, մեղադրյալներով, վկաներով ու պարզապես պատահական հարևաններով: Բայց դա չէ Շերլոկ Հոլմսի հանրաճանաչության պատճառը (օրինակ, Ագաթա Քրիստիի խուզարկուները, որոնք ընդգծված սովորական մարդիկ էին, հիմա պահանջարկ չունեն հերոսների շուկայում):

Շերլոկ Հոլմսին ոչ մի պարագայում սովորական կոչել չի ստացվի, նա առաջին տողից մինչև վերջինը սեփական խաղի օրենքներով է առաջնորդվում, այլ ոչ թե հարմարվում շրջապատին:

Ժամանակակից հասարակությունները զգում են վառ (մոլագարության աստիճանի հասնող) անհատների կարիքը: Այդ անհատները պաշտոնական ու կարծրացած մտածելակերպով ծառայողների կամ իշխանական այլ օղակների ներկայացուցիչների նման դանդաղաշարժ ու զգուշավոր չեն, այլ պատրաստ են միանգամից տեղից պոկվել, գործի անցնել ու ավելի մեծ էֆեկտի հասնել, քան բոլոր լեգիտիմ օրինապահները:

Հասարուկությունը ուզում է հավատալ օրենքին ու արդարությանը, բայց դա ավելի հեշտ է արվում ոչ թե շարքային ոստիկանների կամ գաղտնի գործակալների, այլ ծայրահեղ անկախ ու խիստ անձնական շահեր հետապնդող էգոիստ-սոցիոպատի միջոցով:

Բոլոր դեպքերում՝ ոստիկանները, հաստիքային դետեկտիվներն ու տարբեր տրամաչափի սուպերուժեղ գործակալները համակարգի ներկայացուցիչներ են: Իսկ Շերլոկ Հոլմսը ցուցադրաբար միայնակ ու ազատ է: Նա հասցրել է մի քանի սերունդներին ցույց տալ, թե որքան կարևոր ու հաճելի է լինել համակարգից դուրս:

Եվ ստացվում է, որ ամենազանգվածային արվեստը՝ կինոն, Շերլոկ Հոլմսին օգտագործում է հավատն առ արդարությունն ու օրենքի ուժը վերահաստատելու նպատակով: Շերլոկ Հոլմսի հետ չի կարող համամետվել և ոչ մի Ջեյմս Բոնդ կամ Սուպերմեն, քանի որ նա չի վազում ու հետապնդում, այլ խորհում ու վերլուծում է:

Ինչպես ասում են ժամանակից լեզվով՝ խորհելն ու վերլուծելը ավելի սեքսի է, քան կրակելն ու հետապնդելը: Եվ միաժամանակ՝ իննովացիոն: