Գլխավոր / Հայաստան / «Օպերատորի կեղծ փաստաթղթերի հիմքով դատավորն ապօրինի վճիռ է կայացրել»

«Օպերատորի կեղծ փաստաթղթերի հիմքով դատավորն ապօրինի վճիռ է կայացրել»

2014 թվականի հուլիսից սկսած «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 12 հազար դրամ գումարի պահանջ է ներկայացրել Վանաձորի բնակիչ Արայիկ Պապիկյանին: Քաղաքացին պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում կատարել է բոլոր վճարումները, իսկ պայմանագրի ավարտից հետո դադարել է օգտագործել իրեն տրամադրված մոդեմը։ Օպերատորի ներկայացուցիչները, սակայն, բազմաթիվ անգամ զանգահարել, նամակներ են ուղարկել քաղաքացուն՝ գումարի պահանջի մասին: Պահանջը հիմնվել է նրա վրա, թե ստորագրած պայմանագրից հրաժարվելու դեպքում քաղաքացին պարտավոր է ներկայանալ օպերատորի գրասենյակ և դրա վերաբերյալ դիմում գրել: Պապիկյանը հայտնել է, որ որևէ պարտք չունի և չի պատրաստվում վճարել գոյություն չունեցող պարտքը:

Epress.am֊ի հետ զրույցում Վանաձորի բնակիչը պատմել է, որ ինքը «Օրանժին», իսկ հետագայում նաև դատարանին, հայտնել է, որ այդ ապօրինի պահանջով նրանք խախտում են Քաղաքացիական օրենսգիրքը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի մարտի 14-ի թիվ 89-Ա որոշումը, որով «Օրանժը» այդպիսի պահանջներ ներկայացնելու փաստով զգուշացվել էր: ՏՄՊՊՀ իր որոշման մեջ նշել էր, որ չմատուցած ծառայության համար քաղաքացուց գումար պահանջելը խախտում է։

«Օրանժը» շարունակել է պահանջներ ներկայացնել, ընդհուպ՝ դատարան դիմելով: Ընկերությունը նախ 2015 թվականի ամռանը դիմել է վճարման կարգադրությամբ, ինչը դատարանը վերացրել է, իսկ 2016 թվականին դիմել է հայցային վարույթով, ինչն արդեն դատարանը բավարարել է:

Պապիկյանի խոսքով՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրի դատավոր Գուրգեն Գագիկյանը մոռացել է, որ ինքը պահանջ դակող չէ, այլ արդարադատության անունից հանդես եկող պաշտոնատար անձ, և իր ապօրինի վճռով վարկաբեկում է ողջ դատական համակարգն ու դատավորի կոչումը:

Վանաձորի բնակիչը նշել է, որ դատավոր Գագիկյանը ոչ միայն ապօրինի վճիռ է կայացրել, այլ հարկ չի համարել հետազոտել «Օրանժի» ներկայացրած ակնհայտ կեղծ և սխալ փաստաթղթերը, և դրանց հիման վրա կայացրել է վճիռ՝ գոյություն չունեցող պարտք գումարի բռնագանձման մասին:

«Դատարանի վճիռը դեռևս չեմ ստացել, այն բնականաբար կբողոքարկեմ, միաժամանակ չեմ բավարարվելու Վերաքննիչ բողոք ներկայացնելով, ձեռնարկելու եմ օրենքով չարգելված բոլոր միջոցները ոչ միայն դատավորի կամ վճռի, այլ նաև Օրանժի ու նրանց շահերը ներկայացնող «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ-ի ապօրինությունների դեմ: Համոզված եմ, որ նամնատիպ թալանի «արժանացել են» հարյուրավոր այլ քաղաքացիներ ևս», — մեզ հետ զրույցում ասել է Պապիկյանը: