Home / Տեսանյութեր / Լավրովի այցի օրը Բաղրամյան պողոտայից 42 մարդ բերման է ենթարկվել

Լավրովի այցի օրը Բաղրամյան պողոտայից 42 մարդ բերման է ենթարկվել

Այսօր երեկոյան 42 մարդ բերման է ենթարկվել Երևանի կենտրոնից՝ Բաղրամյան պողոտայից, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի օրը հավաք է անցկացրել Ազատության հրապարակում՝ դրա ընթացքում մի քանի պահանջ ներկայացնելով իշխանություններին։ Մասնավորապես, նախաձեռնությունը պահանջել է ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելուց, բացառել տարածքային որևէ զիջում, աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, պետական աջակցություն ցույց տալ զոհված զինծառայողների ընտանիքներին։

Ազատության հրապարակից հավաքի մասնակցիները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանները կասեցրել են նրանց ընթացքը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում և քաշքշուկի հետևանքով բերման ենթարկել մարդկանց։

Ինչպես ԶԼՄ֊ներին հայտնել է 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը, բերման են ենթարկվել կայքի օպերատորները, կոտրվել են նրանց տեսախցիկները։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

«Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին: Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար պայմաններ», – համաձայն ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակի, ասել է ՌԴ արտգործնախարարը: