Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանը 2011֊ին պատրաստ էր զորքերը դուրս բերել 5 շրջաններից և խաղաղապահներ տեղակայել

Սերժ Սարգսյանը 2011֊ին պատրաստ էր զորքերը դուրս բերել 5 շրջաններից և խաղաղապահներ տեղակայել

Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ, գրում է azatutyun.am-ը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու համար «է՛լ ավելի լայնածավալ» բախումները այս ամիս ավելի վաղ ադրբեջանցիների ու հայերի միջև «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և շուրջ 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ:

Նա նշել է, որ Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»․ «Մինչ մենք բանակցություններ կվարենք, զինվորականներն այստեղ մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»:

Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի այցին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Լավրովը «նոր առաջարկներ չէր բերել՝ քաջ գիտակցելով, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո անիմաստ է բանակցությունների մասին խոսելը»:

Թեև հրադադարի շուրջ բանակցությունները Մոսկվայում անցնում էին ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ, ռուս խաղաղապահները, ըստ Սարգսյանի, անելիք չունեն հակամարտության գոտում: Նշելով, որ նախկինում բանակցությունների ընթացքում ռուսաստանյան ուժերի տեղակայման շուրջ խոսակցությունները «անհիմն չէին»՝ Հայաստանի նախագահն ասել է․ «Այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում»:

«Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսաստանյան ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական և ղարաբաղյան ուժերի միջև», — ասել է Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցում Սարգսյանը նաև ասել է, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը․ «Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց»:

«Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափի մասին», — 2011-ի ձաղոխված բանակցությունների մասին ասել է Սարգսյանը․ «Այն, ինչ տեղի ունեցավ հիմա, ակնկալելի էր»: