Գլխավոր / Խմբագրի ընտրություն / Սերժ Սարգսյանն անտեսում է ԼՂՀ Սահմանադրությունը

Սերժ Սարգսյանն անտեսում է ԼՂՀ Սահմանադրությունը

Հոդված՝ Ռուսական զորքերը պետք է կամգնած լինեն Գյումրիում, թե Տավուշում

Հեղինակ՝ Վահրամ Աղաջանյան, «Երրորդ ուժ պլյուս» թերթի գլխավոր խմբագիր

֊ Ինչո՞ւ է ԼՂՀ֊ում ռուսաստանցի խաղաղապահների մասին խոսում Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե Բակո Սահակյանը կամ Իլհամ Ալիևը։ Վերջին շրջանում ռուսաստանյան, հայաստանյան ու ադրբեջանական ԶԼՄ֊ներում հաճախ է հնչեցվում Ռուսաստանի կամ ՀԱՊԿ֊ի խաղաղապահ զորքեր Ղարաբաղ մտցնելու միտքը։ Հնչեցվում է տարբեր առիթներով, տարբեր մակարդակներով ու շահագրգռվածության տարբեր աստիճանով։ Ոմանք հանդես են գալիս ռուսաստանյան զորքեր մտցնելու դեմ, ոմանք՝ տարածաշրջանում դրանց ներկայության օգտին։ Թե կողմնակիցները, թե ընդդիախոսները, սակայն, մոռանում են այդ հիպոթետիկ գործողության՝ հակամարտության կողմերի հետ չհամաձայնեցված իրավական ասպեկտների մասին։ Գոյություն ունեն մի շարք կարևորագույն, իրավաբանորեն պարտավորեցնող նրբություններ, որոնց մասին, չգիտես՝ ինչու, չի խոսում որևէ փորձագետ կամ պաշտոնյա։

Եկեք քննարկենք այդ նրբությունները․

Նրբություն № 1․ Առաջինը՝ ինչո՞ւ է Ղարաբաղում խաղաղապահների մասին խոսում Հայաստանի, այլ ոչ թե ԼՂՀ նախագահը։ Ինչո՞ւ այդ զորքերի մուտքի թույլտվությունը պետք է տա Երևանը, որը, ըստ սեփական պնդման, հանդիսանում է միայն ԼՂՀ֊ի անվտանգության երաշխավորն ու զինված դիմակայության մասնակիցը չէ։ Արդյո՞ք դա ակամա չի հաստատում Բաքվի վարկածը հայ֊ադրբեջանական, այլ ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Եթե Ղարաբաղը Հայաստանի մասն է ու խաղաղապահների մուտքի մասին խոսում է դրա առաջնորդը, ապա ի՞նչ է իրենից ներկայացնում ԼՂՀ նախագահն ու ինչի՞ համար են ԼՂՀ սահմանադրությունը, խորհրդարանը, կառավարությունն ու այլ պետական կառույցները։ Եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, ապա այդ բոլոր կառույցները պետք է անմիջապես վերացնել ու դրանց գոյության վրա չծախսել աստղաբաշխական գումարներ։ Իսկ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին պետություն է, ապա ավելի տրամաբանական չէ՞ նման գաղափարների արտահայտումն այդ պետության ներկայացուցիչների կողմից։

Նրբություն № 2․ Եթե հանկարծ Ադրբեջանի կամ Ղարաբաղի նախագահները դիմեն Մոսկվային խաղաղապահներ մտցնելու խնդրանքով, դրանք որտե՞ղ են տեղակայվելու՝ դիմակայության ներկայի՞ս գծում, թե՞ այն տեղում, որ նշված է գաղտնի քարտեզների վրա Մոսկվայում ու ոչ միայն։ Եթե ԼՂՀ ներկայիս սահմանները հաստատված են Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ, արդյո՞ք դա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները կհարգեն դրանք, թե՞ ԼՂՀ սահմանադրությունը վերանայման կենթարկվի։

Նրբություն № 3․ Ինչպես ասաց Հայաստանի նախագահը, խաղաղապահների ներդրման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերից առնվազն մեկի դիմումը։ Ենթադրենք՝ Բակո Սահակյանը միակողմանի կերպով դիմեց ՌԴ֊ին հակամարտության գոտի զորքեր մտցնելու խնդրանքով։ Կրեմլը կհամաձայնի՞ կատարել այդ խնդրանքն ու պատժել ադրբեջանական կողմից խախտումներ իրականացնողներին։ Թե՞ Ռուսաստանը կկատարի Իլհամ Ալիևի՝ զորքեր մտցնելու միակողմանի խնդրանքն ու սկսի գնդակոծել հայաստանցի զինվորներին։

Նրբություն № 4. Արդո՞ք խաղաղապահներ մտցնելու որոշումն ընդունվելու է հանրաքվեի միջոցով Բաքվում ու Ստեփանակերտում։ Թե՞ այն վավերացվելու է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների կողմից։ Եթե նման որոշում ընդունի, ասենք, Հայաստանի խորհրդարանը, արդյո՞ք դա կնշանակի, որ Երևանն ու Ստեփանակերտը հրաժարվել են ԼՂՀ անկախության մտքից։

Նրբություն № 5․ Ի՞նչ ռուսաստանյան զորքերի ներդրման մասին է խոսքը, եթե դրանք վաղուց արդեն տեղակայված են երկու կայազորների տեսքով Գյումրիում ու Երևանում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանը տարեկան 300 միլիոն դոլար է վճարում այդ ուժերի գոյատևման համար։ Ու այդ զորքերը պետք է որ կատարեն հայաստանյան սահմանները պաշտպանելու իրենց դաշնակցային պարտքը։ Հարց՝ ինչո՞ւ են այդ զորքերը տեղակայված այնտեղ, որտեղ չկան ռազմական գործողություններ՝ հայ֊թուրքական, հայ֊իրանական, հայ֊վրացական սահմաններին։ Ինչո՞ւ են դրանք պաշտպանում Հայաստանի այն սահմանները, որոնք ոչ ոքի կողմից չեն գնդակոծվում։ Ինչո՞ւ դրանք տեղակայված չեն Ադրբեջանի հետ սահմանին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք դրանց տարեկան 300 միլիոն դոլար ենք վճարում, որպեսզի նրանք անպաշտպան թողնեն հայաստանյան սահմանների հենց վտանգավոր հատվածները։

Նրբություն № 6. Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կդիմի Մոսկվային ռուսաստանյան զորքերի մի մասը Գյումրիից, օրինակ, Տավուշ վերատեղաբաշխելու խնդրանքով, որտեղ օր ու գիշեր գնդակոծվում են բնակավայրեր, զոհվում են խաղաղ բնակիչներ ու ՀՀ ԶՈՒ զինվորներ։ Թե՞ Հայաստանի նախագահը նկատի ուներ զորքեր մտցնել միայն ԼՂՀ, որի նախագահն ինչ֊ինչ պատճառներով լռություն է պահպանում այդ հարցի շուրջ։ Արդյո՞ք այդ լռությունը նշանակում է, որ Ղարաբաղն իրեն չի տեսնում որպես անկախ պետություն ու չի կարող մասնակցել նույնիսկ սեփական ճակատագրին վերաբերող հարցերի քննարկմանը։

Նրբություն № 7․ Առաջարկելով տարածաշրջան զորքեր մտցնել՝ արդյո՞ք Ռուսաստանը նկատի ունի սեփական բանակը, թե՝ ՀԱՊԿ զինված ուժերը։ Ասենք, Ղազախստանի նախագահը պատրա՞ստ է կատարել այդ առաքելությունը, եթե Բաքվի խնդրանքով նա բոյկոտում է նույնիսկ Երևանում վարչապետների հանդիպումը։ Ու արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ հիպոթետիկ ուժերն իրականացնելու են ոչ թե խաղաղապահ, այլ՝ պատժիչ գործառույթ, ընդ որում, միայն հայաստանյան կողմի նկատմամբ։

Այս նրբությունների ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել։ Ուրախ կլինենք, եթե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները վերջապես պարզաբանեն իրավիճակը, որը տվյալ հարցերի առկայության պարագայում դժվար թե երկար ժամանակ կայուն լինի․․․