Home / Հայաստան / ԱԺ-ում ընդունել են Ընտրական նոր օրենսգիրքը․ 9 պատգամավոր դեմ է եղել

ԱԺ-ում ընդունել են Ընտրական նոր օրենսգիրքը․ 9 պատգամավոր դեմ է եղել

Այսօր Ազգային ժողովն 1-ին ընթերցմամբ ձայների 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված Ընտրական նոր օրենսգիրքը։

Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ոչ մի խմբակցության մեջ չմտնող Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկել, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քվեարկել, իսկ Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ են եղել։

Քվերակությունից հետո Լևոն Զուրաբյանը նշել է, որ այն ընթացել է կանոնակարգի կոպտագույն խախտումներով, պատգամավորներին թույլ չեն տվել վարման կարգով խոսել․

«Այս հանգամանքն ապացուցում է, որ օրենքը լեգիտիմ չի կարող համարվել։ Դուք խախտում եք տարրական պահանջները, ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում ընտրական օրենսգրքի տակ»։

Վարման կարգով ելույթի հնարավորություն չունենալու համար բողոքել է նաև Զարուհի Փոստանջյանը, ով, դիմելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, վերջինիս հորդորել է «կռուտիտ չլինել»։

«Դուք ունեցել եք դիտավորություն մեզ թույլ չտալու վարման կարգով ելույթ ունենալ, քանի որ մտավախություն ունեիք, որ մենք ընդմիջում կվերցնեինք, և դուք չէիք կարողանա բերման ենթարկել այդ զանգվածին (նկատի ունի ՀՀԿ֊ական պատգամավորներին ֊ խմբ․), որն այս պահի դրությամբ արդեն այստեղ չէ, փախել են բոլորը», – ասել է Փոստանջյանը։