Գլխավոր / Հայաստան / ՀԵՑ-ի վճարած հարկերի ծավալը նվազել է. «Ժողովուրդ»

ՀԵՑ-ի վճարած հարկերի ծավալը նվազել է. «Ժողովուրդ»

Անցած տարվա համեմատ ՀԷՑ-ի վճարած հարկերը կես միլիարդ դրամով նվազել են: Եթե 2015 թվականին ՀԵՑ-ը վճարել էր 4 միլիարդ 596 մլն 863 հազար դրամի հարկ, ապա այս տարի այն նվազել է՝ հասնելով 4 միլիարդ 96 մլն 808 հազար դրամի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վերլուծելով առաջին եռամսյակի արդյունքում կազմված Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը:

«Սա առնվազն տարօրինակ է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիայի արտադրությունը և սպառման ծավալները, անցած տարվա համեմատ, էապես ավելացել են: Ստացվում է՝ էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում», — գրում է թերթը:

Խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որն առաջին եռամսյակում 15 միլիարդ 606 մլն դրամի հարկ է վճարել պետբյուջե: Խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Զվարթնոց» օդանավակայանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 156 միլիարդ 552 միլիոն 833 հազար դրամի հարկ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում