Գլխավոր / Հայաստան / Վալերի Պերմյակովը պնդել է՝ իր վրա ճնշումներ չեն եղել

Վալերի Պերմյակովը պնդել է՝ իր վրա ճնշումներ չեն եղել

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր ավարտել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեծ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը, որից հետո մեղադրյալին հարցեր են ուղղել։

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Վալերի Պերմյակովն ասել է, որ ցուցմունքներ տալու ընթացքում իր վրա ճնշումներ չեն եղել։ Նա ևս մեկ անգամ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հնչող հարցերին կարճ պատասխաններ է տվել։

Պերմյակովը նաև ասել է, որ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում իր անունից արված գրառումների հեղինակը ինքը չի եղել։ Նա նաև հրաժարվել է պատասխանել, թե ինչն է իրեն նման քայլի դրդել։

Փաստաբան Միհրան Պողոսյանի այն հարցին, թե ինչ կմտածեր Պերմյակովը, եթե իմանար, որ մեկը յոթ հոգու է սպանել, մեղադրյալն ասել է, թե կմտածեր՝ այդ մարդը հոգեկան հիվանդ է, բայց ինքն այդպիսին չէ։

Նշենք, համաձայն քննության վարկածի, Պերմյակովը 2015-ին թվականի հունվարի 12-ին լքել է զորամասը, մտել է Ավետիսյանների տուն, ինքնաձիգի գործադրմամբ սպանել է ընտանիքի 6 անդամներին և սվին դանակով հարվածներ է հասցրել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։ Մանկահասակ երեխան մահացել է հիվանդանոցում 7 օր անց։