Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խոշտանգումը «Նուբարաշենի» կալանավորի նկատմամբ

Իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խոշտանգումը «Նուբարաշենի» կալանավորի նկատմամբ

5 օր հացադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը որպես խոշտանգում և արժանապատվության նվաստացում է գնահատում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը։

«Հելսիկյան ասոցիացիայի իրավապաշտպան ՀԿ է դիմել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, և հայտնել է, որ իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ՝ սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն և այլն: ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայաումս ծայրահեղ ծանր է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից և այլն: Հրաչյա Գևորգյանը ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ: Հացադուլի մասին տեղյակ ենք պահվել Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակին և ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասրարակական դիտորդական խմբին: Խմբերի այցելության պահին նրա մոտից այլ խուց են տեղափոխել իրեն աջակցող մեկ այլ կալանավորի, ինչի արդյունքում Գևորգյանը մնացել է անօգնական վիճակում», ֊ ասված է Հելսինկյան ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ։

Կազմակերպությունը դիմել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին և Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կալանավորի նկատմամբ խոշտանգումները, արժանապատվությանը նվաստացումը և անմարդկային վերաբերմունքը անհապաղ դադարեցնելու համար:

Գևորգյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է վերջին 2 տարիների ընթացքում, նա շարունակաբար պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի նշան բողոքի մի քանի անգամ մեխ և ասեղ է կուլ տվել, որից հետո իր պահանջը կատարվել է։ Գևորգյանի գործով վճիռը կարդալու օրը մեղադրյալը դատարան էր եկել բենզինի տարայով,  ինքնահրզիկման փորձ էր արել, բայց իրավապահները տարան նրա ձեռքից վերցրել էին։ Դատավոր Մարինե Մելքոնյանը Գևորգյանին մեղավոր է ճանաչել գործով որպես տուժող անցնող Նաիրա Հարությունյանին պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթում կատարելու հոդվածներով և 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Միևնույն ժամանակ, դատարանը Գևորգյանին անմեղ է ճանաչել Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Նա մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում։ Գևորգյանը պնդում է, որ գործն իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի սարքած դավադրությունն է։ Դատավարությունը 4 տարի է տևել, և այդ ընթացքում Գևորգյանը կալանքի տակ է եղել։ Գործը ձգձգվում էր դատախազի և դատավորի փոփոխության պատճառով։ Դատավարության ընթացքում Գևորգյանը պահանջել էր Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրգործ հարուցել՝ պնդելով, որ վերջինս սպառնացել է իրեն, սակայն Հատուկ քննչական ծառայությունում գործի հարուցում մերժվել է։

Լուսանկարում՝ Հրաչյա Գևորգյանը դատավճռի օրը