Home / Հայաստան / Աշխարհի լավագույն զենքերը` 80-ականների զենքերն են․ ՊՆ խոսնակի ասուլիսը

Աշխարհի լավագույն զենքերը` 80-ականների զենքերն են․ ՊՆ խոսնակի ասուլիսը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի հետ առնչվող խնդիրներին և բանակում տիրող իրավիճակին․

զենքի հինն է լավը

«Զինատեսակներին սահմռկեցուցիչ որակելը ճիշտ չէ, որովհետև չկա ոչ սահմռկեցուցիչ զինատեսակ։ Եթե ինչ-որ զինատեսակ «Յութուբում» ավելի շատ գովազդ է հավաքել, դա չի նշանակում, որ այն լավն է, մյուսը չէ։ Եթե «Գռադ» կայանը արդեն 20 տարի է օգտագործում ենք ու արդեն սովորական է դարձել, դա չի նշանակում, որ այն պակաս սահմռկեցուցիչ է։ Աշխարհի լավագույն զենքերը դեռ մնում են 80-ականների զենքերը, հատկապես, ռուսական զինանոցում: Մենք անգամ 60-ականների և 50-ականների զենքով ենք կռվում, բայց կարեւորն այն է, որ այդ զենքերը իրենց գործն անում են»։

Ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական զինուժը ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում հիմնականում կռվել է 80-ական թվականների արտադրության զենքով։

չեմ ասի, որովհետև գեներալներ են

ՊՆ մամուլի խոսնակը հրաժարվել է բացատրություն տալ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ․ «Նախարարության կողմից չեք ստանալու պարզաբանում դրա վերաբերյալ, որովհետև իրավունք չունենք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման կամ պաշտոնանկության մասին մեկնաբանություն տալ և հիմա էլ չեմ կարող տալ»։

Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին։

զորահավաք չկա, զոհերի թիվը հստակ չէ

Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսին չի կարողացել հստակ նշել, թե ապրիլի 2-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ քանի զոհ է ունեցել հայկական կողմը։ Նա նաև հերքել է այն լուրը, թե Հայաստանում զորահավաք է սկսվել։

ոչ միայն ռուսական փողով

Անդրադառնալով ՌԴ-ից 200 միլիոն դոլար վարկի դիմաց սպառազինություն ստանալու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ Զինված ուժերի նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ․ «Զինտեխնիկայով համալրումը չի սկսվել վարկով և չի ավարտվում վարկով: Մենք ձեռք ենք բերել զգալի քանակությամբ զենք- զինամթերք»:

խրամատը նոր չի լինում

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի այն դիտարկմանը, թե Ղարաբաղում հայկական կողմի խրամատներն այսօր նման են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակվա խրամատներին, և դրանցում տարրական բետոնապատումը բացակայում է․ «Ես կարող եմ նույնիսկ ուղղեմ, որ ոչ թե 2-րդ, այլ1-ին համաշխարհային պատերազմի խրամատներն են, որովհետև հենց այդ ժամանակ են ձևավորվել խրամատները, եթե 500 տարի էլ անցնի զորքերի ստատիկ պաշտպանության ժամանակ այլ խրամատ չի լինելու»։

սոված են, բայց ծիծաղում են

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվել է այն հարցը, թե սահմանին զինվորներն անձրևանոցներ չունեն։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այնքան ենք կենտրոնացել անձրևանոցների և այլ պարագաների բացակայության վրա, որ մոռացել ենք պատերազմում տարած մեր հաղթանակի մասին․ «Պատերազմի ժամանակ թրջվում էլ են, սոված էլ են մնում։ Մի ժամ անձրևի տակ մնալու հանգամանքը պետք չէ նման խնդիր դարձնել, նմանտիպ հարցերի քննարկումների վրա զինվորները ծիծաղում են»։

գիտությունը և տարկետման վերացումը

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից առաջարկվող այն նախագծին, որով կվերացվի բուհեր անվճար ընդունված երիտասարդներին տարկետում տալու իրավունքը․ «Ես չգիտեմ՝ ինչ վնաս կկրի գիտությունը տարկետումը վերացնելու դեպքում, բայց չեմ կարծում, որ բանակում ծառայելուց հետո գիտության մեջ մտնող մարդկանց քանակի խնդիր ունենք և մարդիկ չեն կարող ծառայելուց հետո զբաղվել գիտությամբ։ Իմ կարծիքով՝ աշխարհում այն պետությունները, որոնք ունեն համընդհանուր ծառայություն և դրանից հետո են գիտությամբ զբաղվում, մեզանից վատ գիտություն չունեն»։