Home / Հայաստան / Ավտոբուսի երթուղին փոխել էին՝ Ծառուկյանի «Առինջ մոլ»-ով անցնելու համար․ «Հրապարակ»

Ավտոբուսի երթուղին փոխել էին՝ Ծառուկյանի «Առինջ մոլ»-ով անցնելու համար․ «Հրապարակ»

Չարենցավան-Երևան և Աբովյան-Երևան երթուղիները սպասարկող ավտոբուսներն արդեն տևական ժամանակ իրենց հիմնական ուղեգծից շեղվել և Երևան են հասնում Գագիկ Ծառուկյանի կառուցած «Առինջ մոլ»-ի տարածքով։ Երթուղու փոփոխությունը դժգոհություն է առաջացրել ուղևորների և ավտոբուսի վարորդների շրջանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Դժգոհությունը հիմնականում կապված է նրա հետ, որ Երևան մեկնողները 5-10 րոպե ստիպված են լինում կորցնել՝ «Առինջ մոլի» տարածքով շրջայց կատարելու համար։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպասարկող երթուղիները պատկանում են հենց Գագիկ Ծառուկյանին, որը դրանք գնել էր Արթուր Հարությունյանին պատկանող «Կինգ դելյուքս» ընկերության (նախկինում երթուղիները շահագործում էր այդ ընկերությունը-խմբ․) սննկացումից հետո։

 

««Առինջ մոլի» գովազդային պաստառներն են փակցրել ավտոբուսների վրա ու գինն էլ սահմանել․ Երևանից մինչ «մոլ»՝ 200 դրամ։ Սա այն դեպքում, երբ 46 համարի ավտոբուսը կենտրոնից ուղիղ «մոլ» է հասնում ընդամենը 100 դրամով․․․ակնհայտ է, որ ինչ-որ մեկը, կամայական, անձնական բիզնես նկրտումներից ելնելով, որոշել ու փոխել է երթուղին, իսկ պատկան մարմինները աչք են փակել դրա վրա՝ իմանալով, թե ով է դրա հետևում կանգնած», – գրում է թերթը։

Տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ, իր տեղեկություններով, այդ երթուղիները ժամանակավորապես սպասարկում են «Կինգ դելյուքս»-ը և «Տրանս կոմֆորտ»-ը մինչև մրցույթի կլինի և կընտրվի, թե ով է սրանից հետո սպասարկելու այդ երթուղիները։ Վերջինս սակայն դժվարացել է նշել, թե ում են պատկանում այժմ այդ երթուղիները։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ «Հրապարակ»-ին հայտնել է, որ երթուղին գնել է ոչ թե Ծարուկյանը, այլ նրա անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը՝ Էդոն։

«Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ վարորդներին հանձնարարվել է ուղիղ չվերթ կատարել՝ արանց Առինջ մտնելու։ Առինջով երթևեկելու են միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին», -գրել է օրաթերթը։