Home / Հայաստան / «Ասեկոսեներն անտեղի են». ՀՀ ԱԳՆ֊ն՝ Ղարաբաղը ճանաչելու օրինագծի և Ադրբեջանի մասին

«Ասեկոսեներն անտեղի են». ՀՀ ԱԳՆ֊ն՝ Ղարաբաղը ճանաչելու օրինագծի և Ադրբեջանի մասին

ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն է տվել նախագծին և այն ուղարկվելու է Ազգային ժողով։

«Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին», ֊ ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: