Home / Տեսանյութեր / Հիվանդ զինվորին ուղարկել են Ղարաբաղ, ահազանգում է եզդիական ՀԿ֊ն

Հիվանդ զինվորին ուղարկել են Ղարաբաղ, ահազանգում է եզդիական ՀԿ֊ն

Ժամկետային զինծառայող, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Տոսուն Ամոյանին առանց վիրահատելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու ուղարկել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հաղորդում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։

Դեռևս մարտի 15-ին կազմակերպությունը բաց նամակով դիմել էր Պաշտպանության նախարարին՝ ուշադրությունը հրավիրելով զինվորի առողջական խնդիրների վրա։ Դիմումից մի քանի օր անց Ամոյանը տեղափոխել էր Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ 10 օր բուժելուց հետո զինվորին կրկին զորամաս են ուղարկել։ Զինծառայողի հոր՝ Ռզգան Ամոյանի խոսքով՝ որդին ունի ձեռքերի հետ կապված խնդիրներ և չի կարողանում ծանրություն բարձրացնել։

«Որդիս որևէ կերպ չի խուսափում ծառայությունից և միակ խնդրանքս է, որ նրան վիրահատության ենթարկեն։ Վիրահատության անհրաժեշտություն եղել է դեռևս զորակոչվելուց առաջ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել։ Զինվորական հավաքակայանում չեն ստուգել որդուս առողջական վիճակը։ Ուղարկել են մի հիվանդանոց, որտեղ ասել են՝ ոչ մի բան չկա, բարի ծառայություն։ Ես առանց իրենց ուղեգրի տարել եմ Մարգարյան հիվանդանոց, այնտեղ ասել են՝ երեխային պետք է վիրահատել։ Բայց որպեսզի անվճար կատարվեր, պետք էր ուղեգիր, սակայն Ապարանի զինկոմիսարիատը ինձ չտվեց ուղեգիր։ Ասացին՝ թող գնա, ծառայի, ամեն ինչ լավ ա։ Հետո վիճակը բարդացավ, մեր ահազանգից հետո բերեցին Մուրացանի հիվանդանոց, մի 10 օրից հետո էլի տարան Ղարաբաղ», – DengeEzdia.com-ի հետ զրույցում ասել է զինծառայողի հայրը։