Home / Տեսանյութեր / Մահացած զինվորի գործով նախաքննությունը ձգվում է 1 տարի․ հարազատները մերժում են ինքնասպանության վարկածը

Մահացած զինվորի գործով նախաքննությունը ձգվում է 1 տարի․ հարազատները մերժում են ինքնասպանության վարկածը

1 տարի է անցել 2015 թվականի մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվանից, սակայն գործը դեռևս նախաքննության փուլում է։ Մահացած զինծառայողի հարազատները պնդում են՝ նախաքննությունը ձգձգում և տանում են սխալ ուղղությամբ՝ զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը ամեն կերպ հաստատելու համար։ Համաձայն նախաքննության, Համբարյանի մահը որակվել է որպես ինքնասպանություն։

«Մենք դժգոհ ենք բոլոր փորձաքննությունների արդյունքներից և քննիչից։ Մի քանի անգամ բացարկ ենք հայտնել գործը վարող քննիչներին, բաժինը հսկող զինդատախազին, սակայն ոչ մի արդյունք։ Ես պնդում եմ՝ եղբորս սպանել են և դրանում շատ մարդ կա ներգրավված», – Epress.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի քույրը՝ Հասմիկ Համբարյանը։

«սպանության մասին աղաղակող փաստեր կան»

Դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ կրակոցը ընդհուպ չի եղել, այսինքն՝ զենքը մոտ չի եղել Համբարյանի ճակատային հատվածին։ Վերջինիս քրոջ խոսքով՝ սա կարող է վկայել, որ չի եղել ինքնասպանություն։

«Բացի դրանից, եղբորս հագուստի վրա եղել են փսխուկի հետքեր, որոնք կարող էին առաջանալ մահվանից առաջ գլխուղեղի ցնցումից։ Այսինքն՝ դրանից առաջ եղբորս հարվածել են», – ասել է Համբարյանը։

Մահացած զինծառայողի հայրը՝ Հրայր Համբարյանը, մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել՝ որդու հագուստները դատահետքաբանական փորձաքննության ենթարկելու համար։

«Քանի անգամ դիմել ենք, մերժել են։ Ասում են՝ ոչ մի հրազենային վնասվածք չկա հագուստների վրա, դրա համար էլ կարիք չկա դրանք փորձաքննության ենթարկել», -պատմել է Համբարյանը։

Վերջինս նշել է նաև, որ դատաձգաբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ զենքի վրա, որից եղել է կրակոցը, չկա ոչ մի մատնահետք։

«Դա ցույց է տալիս, որ նրանք դիտավորյալ ոչնչացրել են մատնահետքերը», – պնդում է Համբարյանը։

«քննիչն ուղղորդում էր փորձագետներին»

Համբարյանի մահվան դեպքի առիթով քննիչ Նվեր Ավետիսյանը նշանակել էր հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն։ Փորձագետներին ուղղված հարցերը, Հասմիկ Համբարյանի խոսքով, քննիչի կողմից ուղղորդվում էին։

«Քննիչն այնպես է ձևակերպել փորձագետներին տրվող հարցերը, որից երևում է, որ ինքն արդեն իսկ ապացուցած է համարում, որ եղբայրս ինքնասպան է եղել։ Փոխանակ ճշտելու, թե ինչ հոգեվիճակում է եղել եղբայրս մինչ մահը, այսպես է հարցը ձևակերպել՝ ի՞նչ հոգեվիճակում է եղել Համբարյանն ինքնասպանության կատարելու և դրան նախորդող ժամանակահատվածում։ Իսկ փորձագետներն էլ պատասխանել են նրա կողմից ձևակերպված հարցերին համապատասխան՝ ասելով՝ հնարավոր չէ պատասխանել, թե Համբարյանը ինքնասպանություն կատարելու և դրան նախորդող ժամանակահատվածում ինչ հոգեվիճակում է գտնվել», – ասել է Համբարյանի քույրը։

«կա զինվորի մահ, չկան մեղավորներ»

«Մայիսի 8-ին լրանում է եղբորս սպանության 1 տարին, և չնայած աղաղակող փաստերի՝ ոչ մեկը սպանության գործով ձերբակալված չէ», -ասում է Հասմիկ Համբարյանը։

Գործով մեղադրանք էր առաջադրվել Համբարյանի ծառայակից Դավիթ Հարությունյանին՝ կանոնակարգային հարաբերությունները խախտելու մասով։ Քննիչը հայց էր ներկայացրել դատարան՝ Հարությունյանին կալանավորելու, սակայն հայցը մերժվել էր։

Ավելի վաղ Epress.am֊ի հետ զրույցում Համբարյանի ծառայակիցների մասին պատմել էր  մահացածի հայրը՝ Հրայր Համբարյանը․ «Զինծառայող Դավիթ Հարությունյանի ցուցմունքի համաձայն` սպանությունից որոշ ժամանակ առաջ որդիս լուրջ ընդհարում է ունեցել համածառայակիցների հետ, առնվազն դրանցից 2֊ի` Հովհաննես Մելքոնյանի և Սմբատ Հայրապետյանի հետ, որի ընթացքում դանակահարել է Սմբատ Հայրապետյանին: Նախաքննական մարմինը ձգտել ու ձգտում է անտեսել այս կարևորագույն փաստը: Սա է պատճառը, որ Սմբատ Հայրապետյանին դատաբժշկական փորձաքննության են ենթարկել միայն Դավիթ Հարությունյանի պաշտպանի համառ պահանջներից հետո: Համաձայն թիվ 387 փորձագիտական եզրակացության, իրոք, Սմբատ Հայրապետյանի աջ և ձախ ձեռքերի վրա հայտաբերվել են բազմաթիվ սպիներ, այդ թվում նաև սուր-կտրող գործիքով հասցված վնասվածքներ, որոնց մի մասը կարող էին առաջանալ սպանությունից մի քանի օր առաջ, կամ հենց սպանության օրը»:

Սմբատ Հայրապետյանը, սակայն, իր ցուցմունքում նշել էր, որ վնասվածքներն ավելի վաղ էր ստացել։

«Քննիչը ընդունել է Սմբատ Հայրապետյանի ցուցմունքը, ըստ որի՝ մարմնի վրայի վնասվածքները առաջացել են խորդուբորդ պատերին հարվածելուց և կատվի հետ խաղալուց։ Եթե իրոք այդ վնասվածքները առաջացել են պատերին խփվելու հետևանքով՝ ուրեմն էդ մարդը գտնվել է անկայուն վիճակում և չի կարելի նրա ասածների վրա հիմնվել», – մեզ հետ զրույցում ասել է Հասմիկ Համբարյանը։

Նրա խոսքով՝ «մի զինծառայողի՝ Սասուն Հակոբյանին, էլ պետք է մեղադրանք առաջադրեին, սակայն լավ են պրծացրել նրան»։

«Սասուն Հակոբյանը սկզբում գործում կար, նրա դեմ մի քանի էջանոց մեղադրանք կար, սակայն նա հիմա գործերից անհայտացել է, բայց չգիտենք՝ ինչու։ Դա էլ պատահաբար գործով առաջին քննիչից ենք իմացել։ Միջնորդություն եմ ներկայացրել, որ նրան նորից ընդգրկեն»,- ասել է Հասմիկ Համբարյանը։

Նա նշել է, որ առաջին քննիչը հետագայում իրենց անհայտ պատճառով գործից հեռացվել է և նոր քննիչ է նշանակվել՝ Նվեր Ավետիսյանը, որի կոչումը, Համբարյանի տեղեկություններով, դրանից հետո բարձրացրել են՝ կապիտանից դարձնելով մայոր։