Գլխավոր / Հայաստան / Ո՞ւմ հանդեպ հաղթանակի օր

Ո՞ւմ հանդեպ հաղթանակի օր

4 տարի առաջ՝ Շուշիի «ազատագրման» օրը, Երևանում հայերը հրդեհեցին DIY-ը։ Դա ջարդ էր, որին հետևեցին «զտումներ», մյուս հայերը ստիպված եղան հեռանալ ու այստեղ թողնել իրենց ընկերներին ու մի շարք հաճելի հիշողություններ։

2012 թիվն էր՝ 2008-ից 4 տարի անց։ Իսկ 2008-ին, արդեն մեկ այլ առիթով, Երևանում հայերը կրկին սպանում էին հայերի։ Դա նրանց օգնեց մի շարք կոչումներ ու պաշտոններ ստանալ։ Այդ նոր պաշտոններին հայերը 6 տարի շարունակ թալանում էին հայերին, մի շարք հայեր ենթարկվում էին խոշտանգումների ու ձերբակալությունների, իսկ նրանց խոշտանգող հայերը ստանում էին նոր պաշտոններ ու նոր աշխատավարձեր բյուջեից, որը կուտակվում է այն հայերի հաշվին, ում թալանում էին ու մասամբ նրանց՝ ում խոշտանգում։

Բազմաթիվ հայեր առանց որևէ կոնկրետ պատճառի ծեծում են իրենց կանանց ու երեխաներին, որոշ հայեր, իրավիճակից ելնելով, անպատժելիորեն ծաղրում են նրանց, ովքեր, մեկ այլ իրավիճակից ելնելով, ի վիճակի չեն ինքնապաշտպանվել։

Հայերի մի մասը (երբեմն) հիշում է ադրբեջանցիների բռնի տարհանումների ու բռնության ցուցադրական դեպքերի մասին, որոնք, ըստ երևույթին, նպաստել են տարհանմանը։ Մյուսները, ի պատասխան, անպայման հիշում են Սումգաիթի ու Բաքվի մասին, ասես՝ ոմանց դաժանությունը կարող է արդարացնել այլոց հանդեպ դաժանությունը։ Պատմության հանդեպ կամայական վերաբերմունքը նախապաշարմունքից բացի ոչինչ, ընդհանուր առմամբ, չի արտացոլում։

Արփի Ոսկանյանը մի հարցազրույցում ասում է, որ «մարդը միայն մարմին չէ՝ մարդը մշակույթ է»։ Այս հայտարարությունը, հավանաբար, պետք է մեզ օգնի հասկանալ ստեղծված իրավիճակը։ «Մեր մարմինները նրանց մարմինների հետ ապրել են կողք կողքի, եփվել են միևնույն ճաշի մեջ, բայց մենք տարբեր ենք մնացել… Հիմա նմանությունների փնտրտուքից ավելի կարևոր է այդ էական, խորքային, մշակույթով պայմանավորված տարբերությունները տեսնելը, ճանաչելը և գիտակցելը»։

Ենթադրում եմ, սակայն, որ Արփի Ոսկանյանը «մեր» մշակույթ ասելով նկատի չի ունեցել ու, ամենայն հավանականությամբ, նկատի չունի բռնության մշակույթը. հոմոֆոբիան ու DIY-ի հրկիզումը, ընտանեկան ու ոստիկանական բռնությունը, ոտնձգություններն ու սպանությունները բանակում՝ այս ամենը հայերի «մշակութային առանձնահատկությունները» չեն, որոնք մեզ տարբերում են ադրբեջանցիներից, այլ՝ մասնավոր պրակտիկա՝ «բոլորիս հետ էլ պատահում է»։ «Մենք» հասկանում ենք, չէ՞, որ հայերը տարբեր են, ու այդ իմաստով իսկապես կարևոր է «տեսնել ու գիտակցել էական, խորքային տարբերությունները»։

«Տարբերությունները հարթեցնելը և միայն ընդհանուոթյուններ տեսնելը տիպիկ հայրիշխանական, առնական խոսք է՝ որը երբեք ի վիճակի չի նկատել տարբերությունները և վերացնում է բազմազանությունը»,- արդեն մեկ այլ համատեքստում գրում է Վահան Իշխանյանը։ Այս պնդումն իսկապես ազդեցիկ է թվում, այն գրեթե համոզիչ է, բայց, պատահաբար կամ միտումնավոր, այն պարունակում է սուտ. եթե ավելի ուշադիր նայենք, կտեսնենք, որ կա կոպիտ ընդհանրացում, որը ոչնչացնում է ճնշման բուն բովանդակությունը։

Հայրիշխանական տրամաբանությունը նման է ազգայնական ու ռասիստական տրամաբանությանը, ու դրանց միավորող հատկանիշներից մեկը, իսկապես, տարբերությունների արհամարհումն է։ Իսկ կոնկրետ ո՞ր տարբերությունների։ Սա այն հարցն է, որն այս օրերին ոչ ոք կարծես թե հարկ չհամարեց բարձրացնել։

Խարանված խմբի ընկալումը հայրիշխանական տրամաբանության մեջ հիմված է այդ խմբի ներսում առկա տարբերությունների արհամարհման վրա։ Այդ իմաստով, այն քիչ է տարբերվում ազգայնականից ու ռասիստականից։ Այն դեպքում, երբ գերիշխող խմբի անդամները հանդիսանում են անհատներ ու, հետևաբար, ունեն անհատական առանձնահատկություններ ու ինքնատիպություն, խարանված խմբի ներկայացուցիչները հանդիսանում են իրենց խմբի «սոցիալական առանձնահատկության անհատական ընդհանրացումը»։ Այս տրամաբանությունն իսկապես անտեսում է տարբերությունները, ու դա անում է ընտրովի ձևով։ Այն տեսնում ու ընդգծում է բազմազանությունը գերիշխող խմբի շրջանում (չէ՞ որ հայերը տարբեր են. գեներալ Մանվելն ու Մոնթե Մելքոնյանը շատ տարբեր են, խոշտանգող մենթն ու ոստիկանական բռնության դեմ հանդես եկող ակտիվիստը բոլորովին տարբեր մարդիկ են, այդպես չէ՞։ DIY-ը հրկիզած ֆաշիստներն ու նրանց քողարկողները Վահան Իշխանյանին բոլորովին նման չեն), բայց այս տրամաբանությունը պարտադիր կերպով ճանաչում ու կարևորում է գերիշխող խմբի (ընդհանուր) տարբերությունները խարանված խմբից, քանի որ, վերջին հաշվով, հենց այս (հիմնականում հորինված) տարբերությունների վրա էլ հիմնված է խարանումը: Ու այն, բնականաբար, բոլորովին անտեսում է տարբերությունները խարանված խմբի շրջանում։

Կարելի է մի փոքր վելի վերացական օրինակներ բերել։

Երբ կինը ենթարկվում է ավտովթարի, դա ևս մեկ անգամ հաստատում է նախապաշարմունքն այն մասին, որ կանայք չեն կարողանում կամ վատ են մեքենա վարում։ Երբ տղամարդն է վթարի պատճառ դառնում, ապա համարվում է, որ նա ունի անձնական խնդիր, որից, իհարկե, ոչ ոք չի եզրակացնի, որ տղամարդիկ չեն կարողանում մեքենա վարել։

Եթե հանցագործը տիտղոսակիր ազգի միջին խավի ներկայացուցիչ է, ապա հազիվ թե մամուլը կամ «հանրային կարծիքը» եզրակացնի, թե տիտղոսակիր ազգի միջին խավի անդմաներն իրենցից վտանգ են ներկայացնում։ Երբ, սակայն, մարդը գալիս է խարանված սոցիալական խմբից (օրինակ, միգրանտները նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստանում), ապա նրա արարքը կընդհանրացվի ու կմեկնաբանվի իր խմբի վերաբերյալ առկա նախապաշարմունքներին ու կարծրատիպերին համապատասխան։

Բացասական ընդհանրացման այս տրամաբանությունը ամբողջովին կիրառելի է այն ամենին, ինչ ստիպված եղանք կարդալ ապրիլին՝ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների մեկնաբանություններում, հասարակական գործիչների հարցազրույցներում, լուրերում։

Ինը միլիոն ադրբեջանցի առանց որևէ բարդության վերածվեցին բռնության կոչ անող, գլուխներ կտրող, ու, իհարկե, հայերի ոչնչացմանը ձգտող միասնական զանգվածի։ Ու «մենք» գտանք դրա վկայությունները այնքան համոզիչ, որ կարելի եղավ գրել մեզ բաժանող մշակութային տարբերությունների մասին։ Ինը միլիոն ադրբեջանցիները հարձակման հրաման տվող գեներալներն են ու իրենց քամակը կատաղի ազգայնականությամբ ծածկող քաղաքական գործիչները։ Ադրբեջանցու կողմից յուրաքանչյուր ագրեսիվ արտահայտություն նախատեսված է հաստատել կարծրատիպը «նրանց» արյունարբու լինելը, յուրաքանչյուր չհետաքննված հանցագործություն թույլ է տալիս ասել, որ «նրանք» չունեն սրբություն, յուրաքանչյուր քարոզչական հոդված՝ որ Ադրբեջանը հեղեղված է քարոզչությամբ։ Բռնությունը Հայաստանում, քարոզչությունը հայաստանյան ԶԼՄ-ներում, բռնության կոչերը հայ օգտատերերի կողմից՝ դրանք մասնավոր դեպքեր են, տհաճ, բայց բազմազանության մի մասը, իսկ Ադրբեջանում դա ընդհանուր կանոն է, որը, գուցե, ունի սակավաթիվ բացառություններ։ Հնարավո՞ր է, արդյոք, նման իրավիճակում խուսափոլ «կոլեկտիվ պատասխանատվությունից»։

Մի օր, հավանաբար, հակամարտությունն այնուամենայնիվ կկարգավորվի, ու մարդիկ ստիպված կլինեն ապրել կողք կողքի։ Ու դա շատ դժվար կենակցություն կլինի։ Շատերը փաստեր կգտնեն ինչ֊որ մեկին կոլեկտիվ պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ բռնության համար անուղղակիորեն պատասխանատու կլինեն նրանք, ովքեր սովոր են «էական ու խորքային տարբերությունների» կամայական գիտակցման։ Ամենայն հավանականությամբ, սակայն, նրանք, ըստ սովորության, զբաղված կլինեն առաջինը սկսածների փնտրտուքով։ Ինչ-որ մեկը պարտադիր կասի՝ «մենք փորձեցինք, բայց չստացվեց», քանի որ «մարդը միայն մարմին չէ, մարդը մշակույթ է»։ Ու դա, ընդհանուր առմամբ, միանգամայն ճիշտ է:

գրել է Զառան
լուսանկարում՝ Լուսինե Թալալյանի «Իմ արյունը չի հիշում ձեր պատմությունը» աշխատանքն է