Home / Տեսանյութեր / «Ազգի հոր» ծննդյան օրվանն ընդառաջ Բաքվում կոչ արեցին քանդել համակարգը

«Ազգի հոր» ծննդյան օրվանն ընդառաջ Բաքվում կոչ արեցին քանդել համակարգը

Մայիսի 9֊ի երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձի նախօրեին, անհայտ հեղինակները Կենտրոնական բանկի դիմացի այգում տեղադրված նրա արձանի պատվանդանին թողել են «Qul bayramınız mübarək!»՝ («Շնորհավոր ստրուկների տոնը») գրությունը՝ փոխելով «Gül bayramınız mübarək!» («Շնորհավոր ծաղիկների տոնը») արտահայտության առաջին բառի երկու տառերը։ Պատվանդանի մյուս կողմում թողած «Fuck the system!» գրառումը կոչ էր անում քանդել համակարգը: Մայիսի 10֊ի առավոտյան գրությունն արդեն մաքրված էր, իսկ այգին վերահսկվում էր ոստիկանական ջոկատների կողմից։

Ծաղիկների տոնը Բաքվում նշվում է մայիսի 10֊ին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր ծննդյան օրը։ Այդ առիթով քաղաք են բերվում տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ էկզոտիկ ծաղիկներ Հոլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Չինաստանից ու մի շարք այլ երկրներից։ Հազվագյուտ ծաղիկների ցուցահանդեսն առաջինն այցելում է Ալիևների ընտանիքը, այնուհետև՝ շարքային քաղաքացիները։ Երեք օր անց մարդկանց թույլատրվում է տուն տանել արդեն թառամած էկզոտիկ ծաղիկները, ինչն ավանդաբար հանգեցնում է զանգվածային հրմշտոցի։

Heydar_A1

Դեռևս Հեյդար Ալիևի կենդանության օրոք երկրում սկսվեց տարածվել նրա՝ որպես «ազգի հոր» պաշտամունքը, իսկ Ալիև կրտսերը միայն ակտիվացրեց այդ ուղղությամբ աշխատանքները․ երկրի բոլոր բնակավայրերում տեղադրվել են Հեյդար Ալիևի արձաններն ու բացվել նրա անվան այգիներ, թանգարաններ։ Դպրոցական դասագրքերում բաժիններ են հատկացվել «երկիրը փրկած առաջնորդի մեծ ժառանգությանը», իսկ քաղաքական ու մշակույթի գործիչները բոլոր հրապարակային ելույթներում պարտադիր մեջբերում են նախկին նախագահին, գովասանքի խոսքեր ասում նրա ու որդու հասցեին։