Home / Տեսանյութեր / Նախկին օդաչուից պահանջում են «ավել վճարված» 1․5 միլիոն դրամ թոշակը

Նախկին օդաչուից պահանջում են «ավել վճարված» 1․5 միլիոն դրամ թոշակը

Երևան քաղաքի բնակիչ, նախկին ռազմական օդաչու 82-ամյա Միքայել Պողոսյանը (լուսանկարում) այս տարվա ապրիլին նամակ է ստացել, համաձայն որի՝ պարտավոր է տարիներ շարունակ ստացած թոշակի մի մասը՝ շուրջ 1․5 միլիոն դրամ,  վերադարձնել պետությանը։ Չվերադարձնելու դեպքում՝ գումարը քաղաքացուց սպառնում են գանձել դատական ճանապարհով։ 

«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ հայրս Հայաստանում լավագույն ռազմական օդաչուներից էր։ Նա որպես լավ մասնագետ աչքի է ընկել և՛ խորհրդային շրջանում, և՛ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը։ 

Երկար տարիներ աշխատելուց հետո, Պողոսյանը հիվանդության պատճառով անցել է թոշակի և պարտաճանաչ ստացել է այն։ «Սկզբում սովորական, ստանդարտ թոշակ է ստացել, ոնց մյուս  բնակիչների համար է նախատեսված, հետո Կառավարությունը 2007 թվականին օրենք ընդունեց, համաձայն որի՝ օդաչուներին պետք է հատուկ թոշակ նշանակել՝ կախված օդում եղած նրանց թռիչքի ժամանակից»,- պատմել է Պողոսյանը։

Այդ ժամանակ կատարված հաշվարկների համաձայն՝ Պողոսյանին նշանակվել է թոշակ՝ ամսական 180 հազար  դրամի չափով։ 2011 թվականին, սակայն թոշակառուն գրություն է ստացել, ըստ որի՝  ինչ-որ սխալի պատճառով տարիներ շարունակ ավել գումար են վճարել իրեն, և իջեցրել են թոշակի չափը՝ հասցնելով 120 հազար դրամի։ Հետագայում, Պողոսյանի խոսքով, պահանջել են նաև հետ տալ ավել վճարված գումարը։ 

«Իրանք սկսել են հեռախոսով տեռորի ենթարկել հորս՝ ասելով, որ պետք է հետ տա թոշակը։ Հայրս ասել է, որ ինքը ոչ մի միջոց չունի այդ թոշակը վերադարձնելու, և իր մեղքը չէ, որ սխալվել են ու այդքան թոշակ են տվել։ Երկար շուկայական բանավեճ է ընթացել։  Ասել են՝ ամեն ամիս 5000 դրամ կամ 10000 դրամ պահենք թոշակից։ Վերջը հայրս այնքան զայրացած է եղել, որ ասել է՝ իմ առողջությունը ինձ համար ավելի թանկ է․ ինչ ուզում եք հանեք»,- պատմել է Պողոսյանը։ 

Առանց որևէ օրինական հիմքեր ներկայացնելու, պնդում է Պողոսյանը,  սկսել են թոշակից ամեն ամիս 2000 դրամի չափով գանձումներ անել։ 1 տարի անց, սակայն, անհայտ պատճառներով դադարեցրել են գանձումները։ Իսկ արդեն այս տարվա ապրիլին Միքայել Պողոսյանը նամակ է ստացել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ որի՝ ինքը պարտք է շուրջ 1․5 միլիոն դրամ ու պարտավոր է հետ վճարել այդ գումարը։