Home / Հայաստան / Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը չի տիրապետում ներսի իրավիճակին․ իրավապաշտպաններ

Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը չի տիրապետում ներսի իրավիճակին․ իրավապաշտպաններ

Երրորդ շաբաթն անընդմեջ Երևանի «Նուբարաշեն» բանտում հացադուլ անցկացնող ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի պնդմամբ, մայիսի 11֊ի լույս 12֊ի գիշերը բուժմասի իր խուց են տեղափոխել մի կալանավորի՝ իրեն վնասելու համար։ Բուժմասի ղեկավարը, սակայն, Գևորգյանին հավաստիացրել է, որ ինքը տեղյակ չէ՝ ով է եղել այդ անձը և թե ինչպես է հայտնվել նրա խցում։ Այս մասին հաղորդում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը։ 

Ավելի վաղ, Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը հայտնել էր, որ Գևորգյանի խուց էին տեղափոխվել երկու հոգի, ինչից հետո սենյակը հրկիզվել էր, իսկ նորեկներից մեկը՝ անհետացել։

«Խցում տեղի ունեցած միջադեպից հետո, նշված անձը («զրոներից տեղափոխվածը») առանց խնդիրների հեռացել է խցից և ըստ Գևորգյանի՝ կրկին տեղափոխվել է «զրոներ»: Նշվածը, ըստ Հրաչյա Գևորգյանի, թույլ է տալիս ենթադրել, որ այդ անձին տեղափոխել են խուց իրեն վնասելու համար, այլապես, եթե նա իսկապես վատառողջ լիներ, ապա նրան միջադեպից հետո կտեղափոխեին ոչ թե «զրոներ», այլ՝ բուժմասի այլ խուց»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: 

Կազմակերպությունը հավելում է, որ Գևորգյանի խոսքով՝ մայիսի 12-ին իրեն այցելած բուժմասի ղեկավարը հայտնել է, որ բուժմաս կալանավոր կարող է տեղափոխվել բացառապես իր որոշման հիման վրա, իսկ ինքը որևէ մեկի վերաբերյալ նման որոշում չի կայացրել։ Ի պատասխան Գևորգյանի այն հայտարարությանը, թե նա կբողոքի կատարվածի մասին, բուժմասի պետը հայտնել է, որ «ես նման հրաման չեմ տվել, տեղեկություն չունեմ, ում ուզում եք բողոքեք»:

Մեկնաբանելով «Հելսինկյան ասոցիացիայի»  հրապարակումը՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Գևորգյանի պնդումներն «իրականության հետ որևէ առնչություն չունեն»։ Պաշտոնյաների խոսքով՝  մայիսի 11-ին Գևորգյանի խուց առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով ցանկացել են տեղափոխել մեկ այլ անձի, ինչին Գևորգյանը դեմ է արտահայտվել, և հիվանդին տեղափոխել են այլ խուց: