Home / Տեսանյութեր / Ակցիաների մասնակից գառնեցի կնոջը կրկին սպառնացել են որդու բանակով և ստուգողներով

Ակցիաների մասնակից գառնեցի կնոջը կրկին սպառնացել են որդու բանակով և ստուգողներով

Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանին պատկանող դեղատուն երեկ՝ 17։00-ի սահմաններում, 3 տղամարդ է այցելել և սպառնացել վերջինիս՝ «դեղատանդ վրա ստուգողներ կբերենք, համ էլ գիտենք, որ տղեդ բանակում չի ծառայել»։ 

Epress.am-ի հետ զրույցում Այվազյանը պնդել է, որ տղամարդկանց այցը կապված է Ազատ գետի ջուրը խողովակներով Արարատյան դաշտ տեղափոխելու դեմ գառնեցիների բողոքի ակցիաների հետ, որոնց մասնակցում է նաև ինքը: Կինը ենթադրել է, որ այդ տղամարդիկ ուղարկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից, ում հողերի ոռոգման համար էլ, ինչպես պնդում են գառնեցիները, ցանկանում են Արարատյան դաշտ տանել Ազատի ջուրը:

«Երեկ 3 տղամարդ մտան դեղատուն, դեղի գին հարցրին, հետո սպառնալի խոսեցին, թե թանկ է շատ, էդպես երկար խոսեցին, թե օդանավակայանի գներ է, բայց միանգամից թեման փոխեցին հետո: Թե բա՝ լիցենզիա ունե՞ս, եթե չէ, ստուգողներ կբերենք վրադ, շեշտեցին, թե տղաս էլ բանակում չի ծառայել»,- ասել է Այվազյանը։

Նրա խոսքով՝ երբ տղամարդիկ սկսել են արդեն խոսել որդու՝ բանակում ծառայելու մասին, ինքը հասկացել է, որ այդ մարդիկ «պատահական չեն եկել», այլ՝ իրեն սպառնալու նպատակով։ Երբ Այվազյանը նշել է, որ ճանաչում է նրանցից մեկին և Ոստիկանություն է զանգահարելու, տղամարդկանցից երկուսը շտապ դուրս են եկել դեղատնից:

«Ասացի՝ ես հիշում եմ մեկիդ, էլի եք ինձ սպառնացել։ Սկսե՞լ եք էլի ձեր սպառնալիքները, ասացի՝ կզանգեմ տղայիս, ոստիկանություն։ Էդ տղամարդն էլ ասաց՝ ուր ուզում ես զանգի։ Հետո դուրս եկավ։ Ես դրանից առաջ տեսել էի, որ էդ մեքենայով պտտվում էին խանութի շուրջ»,- պատմել է Գառնիի բնակչուհին։

Մեկ ամիս առաջ էլ անծանոթ մի մարդ զանգահարել էր Այվազյանին և սպառնացել, թե նրա որդուն «Ղարաբաղ կտանեն»:

Հիշեցնենք, որ գառնեցիները պահանջում են դադարեցնել Ազատ գետի մոտ կատարվող շինանարարությունը և չեղյալ հայտարարել գետից ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելու ծրագիրը: Նրանք նշում են, որ գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար: Բնակիչների պահանջով շինտեխնիկան դուրս էր բերվել կիրճից, իսկ ծրագրի շուրջ պատրաստվում են քննարկումներ կազմակերպել: