Home / Հայաստան / Իրավապաշտպանները կոչ են անում ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստներին

Իրավապաշտպանները կոչ են անում ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստներին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված ակտիվիստներ Բայրամ Մամեդովին ու Գիյաս Իբրահիմովին, հայտնում է Contaсt.az կայքը։

«Ադրբեջանը երիտասարդ ակտիվիստների դեմ թմրամիջոցների հետ կապված մեղադրանքեր կեղծելու տխուր պատմություն ունի՝ նրանց վախեցնելու ու մյուսներին ստիպելու չհետևել նրանց օրինակին»,֊ հայտարարել է կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան։

Մամեդովն ընդդիմադիր NİDA երիտասարդական շարժման անդամ է, Իբրահիմովը՝ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի ակտիվիստ․ երկուսն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են։
Մայիսի լույս 10֊ի գիշերը երիտասարդները Բաքվում Հեյդար Ալիևի արձանի պատվանդանին թողել էին «Qul bayramınız mübarək!» («Շնորհավոր ստրուկների տոնը») և «Fuck the system!» («Քանդի՛ր համակարգը») գրառումները։ Իբրահիմովն արել է գրառումը, իսկ Մամեդովը լուսանկարել է այն ու անանուն կերպով տարածել սոցցանցերում։ Ոստիկանությունը ակտիվիստների ինքնությունը պարզել է տեսահսկման խցիկների միջոցով։

Փաստաբան Էլչին Սադիգովին հաջողվել է տեսակցել ձերբակալվածների հետ միայն դատական նիստի մեկնարկից առաջ։ «Իբրահիմովն ու Մամեդովը փաստաբանին ասել են՝ ոստիկանությունը պահանջել է, որպեսզի իրենք տեսախցիկների առջև հանրայնորեն ներողություն խնդրեն հուշարձանից, եթե ցանկանում են ազատ արձակվել»,֊ ասված է իրավապաշտպանների հայտարարության մեջ։

Երիտասարդները, սակայն, հրաժարվել են, ինչից հետո նրանց սպառնացել են, թե խոշտանգումների կենթարկեն, եթե չընդունեն իրենց մոտ թմրանյութերի հայտնաբերման փաստը։ Արդյունքում, ակտիվիստներն ստիպված ինքնախոստովանական ցուցմունք են տվել:

«Թմրամիջոցների հետ կապված մեղադրանքներն ակնհայտորեն կեղծվել են քաղաքական դրդապատճառներով։ Իշխանությունները փորձում են հասկանալի դարձնել, որ անհետևողական քաղաքական գործունեության մասնակցելու դեպքում դուք կբախվեք ամենածանր հետևանքների»,֊ գրում են հեղինակները։