Գլխավոր / Տեսանյութեր / Նախագահի անհետացող գրանտները կծառայեն «մերօրյա հերոսներին»

Նախագահի անհետացող գրանտները կծառայեն «մերօրյա հերոսներին»

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը մայիսի 17-ին հայտնում է, որ երկրի ղեկավարի աշխատակազմի և Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած այս տարվա առաջին դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն։

Մրցույթ հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։ 22 ՀԿ դիմել է «Մերօրյա հերոսներ», իսկ 16-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։

Մրցութային հանձնաժողովը դիմում-հայտերը բացելուց հետո առաջիկա օրերին կուսումնասիրի դրանք, հրավիրվելիք նիստերում կքննարկի ներկայացված ծրագրերը և կորոշի հաղթողներին։

Հիշեցնենք, որ անցյալում նշված գումարներ իրացնողները հետքեր չէին թողնում։ Օրինակ, 2010-2012 թվականներին 31 հասարակական կազմակերպություններին նախագահի աշխատակազմի տրամադրած 500 միլիոն դրամի ծախսի արդյունավետության հարցը հանրային ուշադրությանն արժանացավ, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացավ պաշտոնական պատասխան դրամաշնորհների վերաբերյալ:

2011 եւ 2012 թվականներին 27 միլիոն դրամի դրամաշնորհ ստացած «Արբանյակ» կազմակերպությունը, որը պաշտոնական փաստաթղթի համաձայն, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: Այն, ըստ պետական ռեգիստրի տվյալների, գործում էր Երեւանում՝ Եզնիկ Կողբացու 29, բնակարան 2Ա հասցեում: Տվյալ հասցեում որևէ ցուցանակ չկար: Շենքը հյուրատան նման էր, մենեջերն ասաց՝ անհնար է «գնալ այդ բնակարան»: Մենեջերը չհիշեց, որ այդ շենքում երբևէ գործել է «Արբանյակ» հ/կ-ն:

Ըստ պետական ռեգիստրի, այս նույն հասցեում էր գործում նաեւ «Երիտասարդների երկիր» առողջապահական հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գլխավոր գանձապետի գրությանը կից փաստաթղթի, Հայաստանի նախագահի աշխատակազմից 2011 և 2012 թվականներին արժանացել է ավելի քան 27 միլիոն դրամի դրամաշնորհի: Մենեջերը այս դեպքում եւս շեշտեց, որ նման կազմակերպություն այս հասցեում չի գործել:

Պետռեգիստրի ներկայացուցիչը զարմանքով հայտնեց պաշտոնական փաստաթղթում նշված և պետբյուջեից դրամաշնորհ ստացած մեկ այլ՝ «Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հասցեն` այս անգամ Եզնիկ Կողբացի 2Ա, բնակարան 29. – «Ոնց որ թարս է գրված», – զարմացավ նա:

Կողբացու 2Ա, բնակարան 29 հասցեում, պարզվեց՝ վարձով ապրողներ են հայտնվում ժամանակ առ ժամանակ: 50 տարի այնտեղ բնակվող հարևաններն ասացին՝ երբեք չեն նկատել հասարակական կազմակերպությանը, ցուցանակ եւս չկար:

Շարունակելով Հայաստանի նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների փնտրտուքը, հիմք ընդունելով պետռեգիստրում գրանցված հասցեն, «Ազատության» լրագրողները գնացել են նաև Բուռնազյան 70 տուն: Ըստ պետռեգիստրի, այս հասցեում են գրանցված «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» կազմակերպությունը, ինչպես նաեւ «Մեր երկրի ապագան» հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գանձապետի գրությանը կից փաստաթղթի, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» կազմակերպությունը 2011-2012 թվականներին ստացել է ավելի քան 23 միլիոն դրամ, իսկ «Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է» կազմակերպությունը՝ մոտ 27 միլիոն դրամ: Բայց այդ հասցեում կիսաքանդ տուն էր: Այստեղ եւս չեն նկատել հասարակական գործունեությամբ զբաղվողների:

Նախագահականից դրամաշնորհներ ստացողների գործունեությամբ անցած շաբաթներին ապարդյուն է հետաքրքրվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը: Ասաց՝ որեւէ տվյալ չի գտել:

«Շատ զարմանալի է, որովհետեւ այսօր ընդհանրապես ցանկացած կազմակերպություն ավելի շահագրգռված է, որ հնարավորինս շատ մարդ իրենց մասին իմանա: Մինչդեռ այս հ/կ-ները փորձում են ստվերում մնալ: Նույն հ/կ-ները երեք տարի շարունակ ֆինանսավորում էին ստացել: Դրան հաջորդեց նաեւ լրագրողների մյուս բացահայտումը, որ դրանք հենց այդ նույն տարում են հիմնադրվել եւ ֆինանսավորում ստացել, ինչը նույնպես հակասում է ֆինանսավորման սկզբունքներին», – ասաց Դոյդոյանը:

Լրագրողները նաեւ բացահայտել են, որ այդ հասարակական կազմակերպություններից մի քանիսի («Արբանյակի», «Կրթված սերունդ կրթական ասոցիացիայի» եւ եւս մի քանիսի) հիմնադիրների անունները համընկնում են:

«Կարող եմ պնդել, որ դրանք իշխանության տարբեր ներկայացուցիչների մտերիմներ են, հարազատներ են, բարեկամներ են, կամ իշխանական կուսակցությունների երիտասարդ կարիերիստներից մի քանիսն են», – պնդեց տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:

Գեւորգյանը մշտապես ուսումնասիրում է պետբյուջեի նախագծերն ու կատարողականները: Մեկնաբանը պնդեց, որ Հայաստանում շատ ու շատ ոլորտներ ֆինանսների բացակայության պատճառով շատ հաճախ տուժում են, տուժում են նաեւ մարդկային կյանքեր: «Հիշենք այն զինվորին, որին տեղափոխեցին Մոսկվա վիրահատության համար, ընդամենը 20 միլիոն դրամ էր հարկավոր կյանքը փրկելու համար, չգտան այդ փողը», – նշեց նա: