Home / Հայաստան / ԼՂ հակամարտությունը «ռազմական լուծում չունի»․ Ալիևն ու Սարգսյանը համաձայնել են պահպանել հրադադարը

ԼՂ հակամարտությունը «ռազմական լուծում չունի»․ Ալիևն ու Սարգսյանը համաձայնել են պահպանել հրադադարը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև՝ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը երկու նախագահները համաձայնել են պահպանել 1994-1995 թվականների համաձայնագրերով հաստատված հրադադարի ռեժիմը, իսկ համանախագահները ևս մեկ անգամ պնդել են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած համատեղ հայտարարությունում ասված է, որ հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու նպատակով նախագահները պայմանավորվել են հնարավորինս կարճ ժամկետում ավարտել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ներդրման աշխատանքները։

Սարգսյանի ու Ալիևի միջև նաև համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման շուրջ։ Նախագահները նաև համաձայնել են շարունակել անհետ կորած մարդկանց վերաբերյալ տվյալների փոխանակման գործընթացը Կարմիր խաչի հովանու ներքո։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվածության են եկել բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ․ այն անցկացվելու է հունիսին` փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցային գործընթացը հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցում փոխզիջում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է, սակայն հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դրա ձեռքբերումը կլինի փուլային։

«Փոխզիջումը միշտ էլ հնարավոր է: Եթե այդպիսի հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այս խնդրով չէին զբաղվի: Մենք նպատակաուղղված ենք գործն ավարտին հասցնելու և շարժվելու դեպի հակամարտության ամբողջական կարգավորում: Հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, սակայն, դա հարկ կլինի անել փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի համաձայնեցման հնարավորությունները կան․ դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդության շրջանակում, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումներին համահունչ և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը»,֊ մասնավորապես, ասել է Լավրովը։