Home / Հայաստան / Հայաստանը կոռուպցիայի պատճառով տարեկան կորցնում է ավելի քան կես միլիարդ դոլար․ «Հայկական ժամանակ»

Հայաստանը կոռուպցիայի պատճառով տարեկան կորցնում է ավելի քան կես միլիարդ դոլար․ «Հայկական ժամանակ»

Հայաստանի տնտեսությունը կոռուպցիայի պատճառով տարեկան կորցնում է  500-700 միլիոն դոլար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների վրա։ Համաձայն ԱՄՀ֊ի, աշխարհի բոլոր տնտեսությունները միասին կոռուպցիայի պատճառով կորցնում են համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, որն, ընդհանուր առմամբ, կազմում է 2 տրիլիոն դոլար։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, թերթի փոխանցմամբ, ապա այն «ամենևին էլ կառուպցիայի համեմատաբար ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում չէ», իսկ նման կոռուպցիայի մակարդակ ունեցող երկրները տարեկան կորցնում են իրենց ՀՆԱ-ի 5-7 տոկոսը։ Հայաստանի ՀՆԱ-ը վերջին տարիներին տատանվում է 10-11 միլիարդ դոլարի սահմաններում, իսկ  ՀՆԱ-ի 5-7 տոկոսը կազմում է 500-700 միլիոն դոլար։

Թերթը նշում է, որ կոռուպցիայի պատճառով Հայաստանը կորցնում է ավելի շատ գումար, քան հատկացվում է որևէ ոլորտի։ «Հայաստանի ամբողջ պետական բյուջեն 2․5 միլիարդ դոլարից մի քիչ է ավելի։ Մեր պաշտպանությանը տարեկան ուղղվում է ավելի քիչ, քան կոռուպցիայի հետևանքով կորսված կես միլիարդ դոլարն է՝ 430 միլիոն դոլար։ Առողջապահությանն այս տարի ուղղվելու է 180 միլիոն դոլար, կրթությանը՝ 260 միլիոն դոլար»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։