Home / Հայաստան / Հայաստանը փախստականներ ընդունելու հնարավորություններ չունի․ Մուրազի

Հայաստանը փախստականներ ընդունելու հնարավորություններ չունի․ Մուրազի

Իրաքի եզդի 3 փախստական ընտանիք կարողացել է Հայաստան գալ միայն տուրիստական վիզայի միջոցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին։

«Մենք սկզբում փորձել ենք Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ վարել եզդի փախստականներին Հայաստանում ընդունելու համար, բայց հասկացանք, որ Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով իրենց վիճակը, կփորձեն քիչ փախստականների ընդունել, այդ պատճառով մենք այլ տարբերակ փորձեցինք, որով 3 ընտանիքներ վերցրեցին տուրիստական վիզա և եկան Հայաստան, իսկ այստեղ արդեն հայտարարեցին, որ իրենք փախստական են»։

Մուրազիի խոսքով այս պահին ընտանիքներին Հայաստանի եզդիական համայնքը բնակության վայր է տրամադրել, սակայն վերջիններս նախընտրում են Եվրոպա գնալ․ «Չնայած Հայսատանում եզդիների համար ավելի անվտանգ է, սակայն Հայաստանը չի կարող նրանց առաջարկել այն, ինչ իրենց առաջարկում է Եվրոպան։ Այս 4֊օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ Հայատանը ֆինանսատնտեսական մեծ հնարավորությունների երկիր չէ և չի կարող փախստականների կարիքները լուծել։ Չնայած ես կարծում եմ, որ եզդիները պետք է հնարավորինս մոտ մնան իրենց տարածքներին, որ հնարավորության դեպքում վերադառնան իրենց տները,  ինչպես նաև մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Իսկ Եվրոպա գնալով խնդիրը չի լուծվի և վերջնականապես կկորցնեն իրենց տարածքները»։

Բորիս Մուրազին նաև անդրադարձել է  ՀՀ ԱԺ-ում Իրաքի եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը շրջանառության մեջ դնելու հարցին և նշել, որ նախագծի վերաբերյալ իրենք համագործակցում են մի քանի ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն կարծում են, որ նախագծի ընդունումը ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ից է կախված․ «Այս պահին կարևոր է հատկապես Կառավարության դիրքորոշումը, քանի որ նրա  տված եզրակացությունով կառաջնորդվի նաև ԱԺ-ի իշխող մեծամասնությունը»։