Home / Հայաստան / Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Վարդենիս֊Մարտունի ճանապարհը․ armlur.am

Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Վարդենիս֊Մարտունի ճանապարհը․ armlur.am

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Ծովինար և մի քանի այլ համայնքների բնակիչներ ավելի քան 30 ավտոմեքենաներով այս պահին փակել են Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը։ Այս մասին հաղորդում է ArmLur.am կայքը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի պատճառը ճանապարհի այդ հատվածի անբարեկարգ և աներթևեկելի պայմաններն են:

«Արդեն քանի տարի է, այս վիճակն է։ Ռազմավարական նշանակության ճանապարհ է, պատերազմական վիճակ է, նորմալ ճանապարհ չկա․․․ Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում», – կայքի հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ պնդելով, որ մինչև հարցի լուծման պատասխան չստանան, չեն հեռանա։

Կայքի հաղորդմամբ՝ բնակիչների հետ հանդիպել է Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանը, որը քաղաքացիներին ասել է, թե մասնակիցներից 2-3 հոգու հետ պատրաստ է առանձնազրույց ունենալ և որևէ բան որոշել: Բնակիչները, սակայն, հրաժարվել են առաջարկից՝ ասելով, որ ամեն անգամ ընդառաջելով՝ խնդիրը մշտապես ետին պլան է մղվել: