Home / Տեսանյութեր / Ինչպես են խոշտանգում հայաստանյան հոգեբուժարանում

Ինչպես են խոշտանգում հայաստանյան հոգեբուժարանում

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան, քաղաքագետ Արմինե Առաքելյանին ծաղրել, ծեծել, խոշտանգել, հոգեբանական ճնշման են ենթարկել հոգեբուժարանում։ Իր հետ տեղի ունեցածի մասին նա պատմել է 1in.am կայքին տված հարցազրույցում։ Մայիսի 17-ին կինը Հանրապետության հրապարակում մտել էր շատրվաններից մեկի մեջ, որտեղից էլ նրան ուժով, ձեռնաշղթաներ հագցնելով «շտապ օգնության» մեքենայով տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն:

Կայքի հետ զրույցում, բացատրելով իր գործողությունների դրդապատճառները, Առաքելյանը նշել է, որ 2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը մտել է պետականաշինության երկրորդ փուլը, որը տանում է ոստիկանական համակարգի։

«Եվ դրանից հետո մեզ նման մարդկանց, խմբերին մնում է ոչ իրավական պայքարի ձևերը։ Շատ ձևեր կա պայքարի և գուցե իմ քայլը այդ պայքարի ձևերից մեկն էր։ Եվ ոչ մի ծայրահեղ բան չկար դրա մեջ։ Այդ օրը ես որոշել էի քայլել Հանրապետության հրապարակում, որը սիմվոլիկ է, դա մեր Հանրապետության հրապարակն է և որոշեցի քայլել այնտեղ, լողանալ ավազանում, դա էլ սիմվոլիկ էր, լողացա, եկա շատրվանի մոտ, նստեցի, հետո պետք է թանգարան գնայի։

Ես որպես ազատ մարդ, ազատ կին լողացա և գնացի, նստեցի այդտեղ։ Հետաքրքիրը հետոն էր, ես միամիտ մարդ չեմ, ինձ՝ որպես քաղաքական մարդու (ես ինձ համարում եմ քաղաքական էակ) հետաքրքիր էր համակարգային իմաստով ինչ ռեակցիա կլինի։

Պարզ մի բան․ Վարդավառի օրը մարդիկ մտնում են շատրվանների մեջ ու ջրվում են, հիմա բոլորին պետք է մայրերը իրենց երեխաներին չթողնե՞ն այդպես անեն, որ չտանեն գժանոց ու ծեծեն», ֊ ասել է Առաքելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ իր արարքը պարզ բան է, անգամ միջոցառում չէ․ «Քայլում ես հրապարակում, մտնում ես, լողանում ես, ինչպես ուրիշները անում են և նստում ես արևի տակ, որ չորանաս։199

Ռեակցիան։ Մոտենում են ոստիկանները, չեն բանակցում, չեն ասում ինչ օրենք եմ խախտել, անմիջապես ձեռաշղթա են դնում։ Ինչո՞ւ։ Ի՞նչ օրենք է խախտվել, եղել է նաև Վարդավառին, որ լողացել են մարդիկ հրապարակի շատրվանների ավազանում։ Ինչո՞ւ ոստիկանը մարդուն առանց բացատրություն տալու հանցագործի պես ձեռնաշղթա է հագցնում։

Եվ այնպես չէ, որ նրանք ինձ այդ կերպ փրկում էին, նախ ի՞նչ կար փրկելու, բացի դրանից, թող գային, զրուցեինք, ես էլ չորանայի, դուրս գայի։

Եթե նրանք իմ անվտանգության համար էին մտածում, ապա ասեմ, որ ձեռքերս կապել էին շղթաներով և նստեցրել էին ավազանի ներսում՝ երկաթի վրա, իսկ ոտքերիս տակ ջուր էր։

Դրանով իմ կյանքն էր վտանգվում, իրենք չէին համարձակվում մտնել ջրի մեջ։ Եվ այդտեղից է սկսվում ամբողջ պրոբլեմը՝ անհատ, ազատ մարդ և մի ամբողջ իշխող համակարգ հակադրությունը»։

Առաքելյանն ընդգծել է՝ ամբողջ ընթացքում գիտակցել է՝ ինչ է խոսել։ Նա հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ շատրվանի մոտ նստած մարդը պետք է համարվի գիժ ոստիկանի կողմից։

«Կան մարդիկ, որ իրենց ոչխարի կարգավիճակով են տեսնում, այսինքն՝ հնազանդվում են ամեն տեսակ համակարգին և իշխող կանոններին, կան նաև ուրիշ տեսակ մարդիկ՝ ըմբոստ են նրանք և չեն հարմարվում, նրանք դիրքավորվում են։ Ես դրանցից եմ», ֊ ասել է քաղաքագետը։

Նա պատմել է, որ իրեն շատրվաններից տարել են, մտցրել «այսպես կոչված, շտապ օգնության մեքենա, քանի որ այնտեղ անվտանգության մարդիկ էին նստած», ապա տեղափոխել են «Նուբարաշեն», որտեղ էլ ինքը տեսել է «անվտանգության և պատրաստված անձանց»։

«Խնդիրն այն էր, որ այդ ամենը հեռախոսներով հրահանգվում էր։ Իմ հզորությունը այն էր, որ ես ազատ մարդ եմ, որևէ մեկից հեռախոսով հանձնարարություն չեմ վերցրել, թե ինչ անեմ, իսկ իրենք նախ անակնկալի են եկել և իրենց մոտ հեռախոսով էր գալիս հրահանգները։ Նրանք իրենց մտքով չէին աշխատում, նրանց թելադրում էին։

Իմ պայուսակը դրված էր այնտեղ․ թե՛ շատրվանների մոտ, թե՛ հետո նրանք իմացել են՝ ով եմ ես։

Շտապօգնության մեքենայում իմ ձեռքերը կրկին շղթայեցին և դա չեմ կարծում, որ բժիշկ էր, այլ անվտանգության աշխատող, հզոր մի տղամարդ էր, որ պինդ կապված պահեց։ Այնտեղ ոչ մի բժշկական օգնություն ցույց չտվեցին, ոչ էլ ճնշումը չափեցին, գուցե, ես արևահարվել էի։ Եվ տարան հետո «Նուբարաշեն» և այնտեղ, գետնով քաշ տալով, պառկեցրին անկողնու վրա և անգամ հագուստս պատռվեց։ Ուժեղ կապեցին, անգամ հիմա ձեռքերս և ոտքերս ցավում են։ Ինձ ինչ-որ բան սրսկեցին, որը ես թույլ չէի տալիս, բայց կարողացան անել, 6-7 հոգի էին։ Հետո երբ պառկեցրել էին անկողնու վրա, սկսեցին խփել, այսինքն բառիս բուն իմաստով սկսեցին ծեծել, խփում էին, որտեղ պատահի։ Այդպես անում էին, հետո գնում էին, նորից գալիս էին։ Այնտեղ կային սպիտակ հագուստով մարդիկ և այլ մարդիկ, որոնք իբրև այնտեղի հիվանդներ էին, բայց ես այնտեղ բժիշկ կամ հիվանդ չտեսա։ Նրանք գիտակցում էին՝ ինչ են անում․ անեկդոտի կարգով ասում էին՝ վայ, ինչ սիրուն աչքեր ունես և մի հատ խփում էին աչքիս։ Կամ՝ մազերդ ինչ սիրուն է, ասում էին, ու քաշում էին։ Այսինքն, բացի ֆիզիկական ճնշումից, նաև հոգեբանական ճնշում էին անում։ Եվ կարծում եմ՝ ուզում էին տեսնել՝ ինչքան հոգեբանորեն կարող ես դիմանալ։

Ես էլ սկսեցի մլավել, որ տեսնեմ իրենց ռեակցիան։ Հետո նորից սկսեցին ծեծել և ամենը կատարվում էր հրահանգներով, նորից սրսկեցին։ Մինչև որ ՄԻԺԻ-ի երիտասարդները եկան, և լսեցի, որ ասացին հարազատները եկան, շուտ բացեք կապերը, ես վեր կացա, ասացի՝ կհատուցեք, գիտեմ, ով եք, ինչ եք։ Ես ինքս աստիճաններից իջա, գնացի ելքի դռան մոտ, այնտեղ անվտանգության աշխատողը ասաց՝ չեմ թողնի գնաս, ասացի՝ ի՞նչ իրավունքով, բան չասաց, մի կողմ քաշվեց, ես էլ դուրս եկա», ֊ ասել է Առաքելյանը։

Նա ընդգծել է, որ ճնշումների համար ինքը որևէ տեղ չի դիմել, քանի որ Սահմանադրական փոփոխություններից հետո իր նման մարդկանց հրել են ոչ իրավական դաշտ։

«Ինձ, երբ մի անգամ գյուղում հատուկ վրաերթի էին ենթարկել (առաջին անգամ չէ, որ ինձ ցանկանում են լռեցնել), ես դիմեցի, դատի փորձեցի տալ, բայց ինչ եղավ․ եկան անկապ վկայություններ վերցրին գյուղից և հարցը փակեցին։

Եվ հիմա, երբ նոր Սահմանադրությամբ պետությունը վերածում են ոստիկանական պետության, ի՞նչ իրավական պայքարի մասին կարող է խոսք լինել», ֊ նշել է Առաքելյանը։

Նշենք, որ հունիսի 2-ին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 1in․am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Առաքելյանին ծեծի չեն ենթարկվել․ «Իր հարազատների ներկայությամբ տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով: Որևիցե մեկին հոգեբուժարանում ծեծի չեն ենթարկում, այլ խնդիր է, որ զուտ առողջական խնդիրների հետ կապված՝ սահմանափակեն նրա շարժումները, բայց ծեծի մասին խոսք լինել չի կարող»։

Իր հերթին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արմինե Առաքելյանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին։

«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի: Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաև Արմինե Առաքելյանը․․․

..․Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը: Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաև Առողջապահության նախարարին», ֊ ասված է Օմբուդսմենի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ: