Գլխավոր / Հայաստան / ՀՀ նախկին փոխվարչապետին կրկին վստահեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը

ՀՀ նախկին փոխվարչապետին կրկին վստահեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանն այսօր նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,- ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ Սերժ Սարգսյանը՝ Գևորգյանին Խորհրդի ղեկավար կազմին ներկայացնելու ժամանակ:

Արմեն Գևորգյանը ՀՀ պետական կառավարման համակարգում 1997 թվականից մինչև 2014 թվականը։ Նրա վերելքը սկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ում մերձավոր մարդկանցից է նա համարվում։ Դեռևս 1997 թվականին, երբ Քոչարյանը ՀՀ վարչապետ է նշանակվել, Արմեն Գևորգյանը զբաղեցրել է նրա օգնականի պաշտոնը, ապա Քոչարյանի նախագահ ընտրվելուց հետո ՀՀ կառավարությունից տեղափոխվել է նախագահական, որտեղ զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ապա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները։ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետ: Այդ պաշտոնից Գևորգյանը հրաժարական է ներկայացրել 2014 թվականի հոկտեմբերի 16-ին, որից հետո ղեկավարել է ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը։

Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Արթուր Բաղդասարյանը, ով հրաժարական էր ներկայացրել 2014 թվականի ապրիլին։