Home / Տեսանյութեր / Ջրամբարի համար պայքարողները կրկին կփակեն ճանապարհը շինաշխատանքների վերսկսման դեպքում

Ջրամբարի համար պայքարողները կրկին կփակեն ճանապարհը շինաշխատանքների վերսկսման դեպքում

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները մինչև վաղը՝ հունիսի 7-ը, բաց կպահեն Գողթ-Գեղարդ տանող ճանապարհը, եթե, մարզպետ Կարապետ Գուլոյանի խոստման համաձայն, չվերսկսեն Գեղարդալճի շինաշխատանքները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել Գողթ գյուղի բնակիչ, Գեղարդալճից ջուրը խողովակներով Կոտայքի մարզի այլ գյուղեր տեղափոխելու դեմ հանդես եկող Վահրամ Սեդրակյանը: Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում գողթեցիները կփակեն ճանապարհը և այլևս երկխոսության չեն գնա՝ մինչև ծրագիրը վերջնականապես չդադարեցվի։

«Ծրագրել ենք վաղն առավոտյան հավաքվել նույն տեղում՝ սպասել իշխանության ներկայացուցիչներին, որ քննարկում անենք», – ասել է Սեդրակյանը։

Նա նշել է, որ հունիսի 3-ին, երբ իրենք փակել էին Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը, իրենց է հանդիպել Կոտայքի մարզպետը և խոստացել դադարեցնել Գեղարդալճի շինաշխատանքները։

«Մենք այդ ժամանակ բացեցինք ճանապարհը, քանի որ մեր առաջին պահանջը՝ դադարեցնել շինաշխատանքները, կատարեցին։ Դրանից հետո օրը 3-4 անգամ ստուգում ենք, չեն անում այդ աշխատանքները, բայց տեղեկութուն ստացանք նոր, որ ներքևը՝ ուրիշ ուղղությամբ, փոքր տրամաչափի խողովակներ են սկսել զոդել։ Այսօր կստուգենք, և եթե իրոք այդպիսի բան կա, էլ չենք սպասի, միանգամից վաղը կփակենք ճանապարհը և քննարկմանը չենք մասնակցի», – պատմել է Սեդրակյանը։

Հիշեցնեք , որ Գողթ համայնքի բնակիչները հունիսի 3-ի առավոտվանից փակել են Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ անցկացվող շինարարական աշխատանքները։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի, Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ ոռոգման նպատակով: Գողթեցիները, սակայն, պնդում են, որ Գեղարդալճի ջուրը չի բավարարում անգամ իրենց գյուղի հողատարածքները ոռոգելուն։ Բացի դրանից՝ գյուղացիների խոսքով՝ ջուրը իրականում այլ նպատակներով են տանում։ Մասնավորապես, որպես շահագրգիռ կողմ, նշվում է գյուղից ներքև մեծ այգիներ ունեցող, Գողթի բնակիչ Մարկոս Ղարիբյանի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները, որը Գողթի մոտ ունի հսկայական անջրդի հողատարածքներ։