Home / Հայաստան / Սպանված կուրսանտի հայրը պնդում է՝ փաստաբանը սպառնում է իրեն

Սպանված կուրսանտի հայրը պնդում է՝ փաստաբանը սպառնում է իրեն

2015 թվականի հունվարի 29-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադի Բարսեղյանին երկու դատական նիստերի ընթացքում սպառնացել է ամբաստանյալներից մեկի՝ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը չի հավատում Բարսեղյանի խոսքերին։

«Նախորդ նիստին՝ հունիսի 6-ին, ընդմիջման ժամանակ ես զրուցում էի դատախազ Արոյանի հետ և ասում էի, որ Զաքարյանը ճնշում է գործով վկա Տիգրան Դեմիրճյանին, ասում է՝ ինչի՞ չես հիշում էս ինչ բանը, հիշի։ Ես էլ ասում էի, որ էս նիստին ինքն էլ շատ բաներ պահի տակ մոռանում է, ինչի՞ ինքը իրավունք ունի, իսկ վկան ինչ հարց տալիս են՝ պիտի հստակ պատասխանի և չասի՝ չեմ հիշում, լարված էի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Բարսեղյանը՝ նշելով, որ երբ Զաքարյանը լսել է, մոտեցել և սպառնացել է իրեն։

«Ասաց՝ լավ եմ անում, ես էլ ասացի՝ էդ չլինի նախորդ դատական նիստին ինձ ահաբեկում էիր, հիմա նորից նույնն ես անում։ Ասաց՝ լավ եմ անում, ասացի, բա ի՞նչ կարող ես անել, ասաց՝ կանեմ, կտեսնես։ Փաստորեն ինքը փաստաբան է, կարող է ամեն բան ասի, ես չեմ կարող»,- ասել է Բարսեղյանը։

Բարսեղյանի խոսքով, երբ իրեն ահաբեկելու մասին պատմել է դատավոր Դավիթ Հարությունյանին, վերջինս չի հավատացել իրեն և ասել է՝ «ինքը պրոֆեսիոնալ փաստաբան է, նման բան չէր ասի»։