Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ֊ի դեպքերն ընդգծեցին Հայաստանում առկա հոմոֆոբիան․ հիշատակի ակցիա

ԱՄՆ֊ի դեպքերն ընդգծեցին Հայաստանում առկա հոմոֆոբիան․ հիշատակի ակցիա

Երևանում մի խումբ քաղաքացիներ հունիսի 13-ին երեկոյան Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ մոմավառություն են կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելով ամերիկյան Օռլանդո քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին: Հունիսի 12-ին ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ֊ակումբի վրա հարձակում էր գործել 29-ամյա Օմար Մատինը, ով պատանդներ է վերցրել, ապա կրակահերթեր արձակել, որի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել է 53 մարդ։ Մատինը հարձակումից առաջ զանգահարել է 911 ծառայություն և հայտնել է, որ ինքն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։

Հիշատակի ակցիայի կազմակերպիչներից «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ կատարվածից հետո Հայաստանում ատելության կոչերը և ԼԳԲՏ+ անձանց հասցեին հնչող վիրավորանքները շատ ցավալի էին։

«Այն մարդիկ, ովքեր գիտակցելու տարրական կարողություն չունեն, սկսեցին արդարացնել ոճրագործին։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է մարդկության դեմ հանցագործությունը արդարացնել։ Հայաստանում շատերը ագրեսիվ էին և նույնիսկ իրենց աջակցությունն էին հայտնում այդ հանցագործներին և հրավիրում էին Հայաստան, ինչը շատ ցավալի էր և ոչ մարդկային։ Այսօր եկել ենք մեր զորակցությունը հայտնելու զոհվածների և տուժածների ընտանիքներին»,- ասել է Մամիկոն Հովսեփյանը։

Վերջինիս համար ապշեցնող է եղել հատկապես ՀՀ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը ԱՄՆ նախագահին կատարվածի վերաբերյալ․ «Լավ կլիներ, որ այն իրական լիներ և այդ ցավը արտահայտած լիներ, բայց հավատս չի գալիս, քանի որ մի կուսակցություն, որը 4 տարի առաջ արդարացնում էր հանցագործությունը (Երևանի կենտրոնում DIY բարի պայթեցումն արդարացրել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֊խմբ․), այսօր ցավակցական ուղերձ է հղում։ Դրա մեջ հեգնանքի տարր կար։ Կցանկանայի հավատալ, որ իրենք կփոխվեն»։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում նման դժբախտության վտանգ ևս կա, քանի որ ատելության կոչ են տարածում անգամ լրատվամիջոցները․ «Մենք տեսանք, որ այս դեպքի մասին գրում էին «ժամանց» բաժնում և սարսափելի վերնագրերով ատելություն էին տարածում։ Գուցե ժամանակն է, ինչպես Ռոբերտ Ահարոնյանը բացահայտվեց, մյուս լրատվամիջոցների խմբագիրներին ու լրագրողներին էլ բացահայտենք, որ խելոք տեղները նստեն»։

1despanatun

Ակցիայի մասնակից Ռոմիկ Դանիելյանի համար Սերժ Սարգսյանի ուղերձն ծիծաղելի է․

«DIY-ի դեպքը ոչ մի արձագանք չի ունեցել, իսկ մի քանի տարի անց նա օտար երկրի համար շատ բարի ու հանդուրժողականության կոչերով նամակ է հղում, իսկ իրականում նման մոտեցում չկա Հայասատանում ապրող ԼԳԲՏ+ համայնքի նկատմամբ»։

Զոհվածներին իր զորակցությունը հայտնելու համար դեսպանատան մոտ եկած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշել է, որ այդ դեպքի արձագանքը ընդգծել է Հայաստանում առկա հոմոֆոբիան։

«Բարեբախտաբար, Հայաստանում հոմոֆոբիան տեռորիզմի չի վերածվել, սակայն սա նշան էր, որ պետք է պայքարել հոմոֆոբիայի դեմ։ Մենք հասկացանք, որ Հայաստանում հոմոֆոբիան մեծ ծավալների է հասնում և շատ չնչին տեղաշարժ կա այս հարցում։ Բայց մասշտաբային տեղաշարժ, և պետական քաղաքականության մեջ տեղաշարժ այս հարցում չենք տեսնում», — ասել է Իոաննիսյանը։