Home / Հայաստան / Ղարաբաղում մարդկանց հավաքագրում են՝ վարչապետի հողերը պաշտպանելու համար․ «Հրապարակ»

Ղարաբաղում մարդկանց հավաքագրում են՝ վարչապետի հողերը պաշտպանելու համար․ «Հրապարակ»

Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում մարդկանց հավաքագրում և տանում ոչ թե մարտական դիրքեր՝ հայրենիքը պաշտպանելու, այլ սահմանամերձ հատվածներում՝ «վարչապետի ցորենի արտերը պահպանելու», որ ադրբեջանցիները կրակի չտան։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանին հայտնել է Քաշաթաղի մի բնակչուհի։ Կնոջ խոսքով՝ այդ մասին խոսում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հասարակ քաղաքացիները, սակայն տեղում ոչ ոք չի բարձրաձայնում խնդիրը՝ վախենալով, որ կպատժեն բողոքողներին։

«Մարդկանց գալիս են, ռազմական ոստիկանությունով տանում են կամ վախեցնելով տանում-հասցնում են պոստեր։ Քաշաթաղում կա Իշխանաձոր համայնքը, որտեղ մեր գյուղացիներին աշխատացնում են չնչին գումարների դիմաց», – Սիմոնյանի հետ զրույցում պատմել է կինը։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում, հերքել է շրջանառվող լուրերը։

«Այն, որ վարչապետի հողատարածքներն են պաշտպանում, հասարակ հերյուրանք է, քանի որ վարչապետի ընկերությունը Քաշաթաղում հողատարածքներ չունի, և ոչ մի տեղ նրա հողատարածքները գյուղացիները չեն պաշտպանում, այն էլ՝ անվճար հիմունքներով», – ասել է Բեգլարյան՝ կարծիք հայտնելով, որ չի բացառվում, որ գյուղացիները «Գյուղի և գյուղատնտեսության աջակցություն» հիմնադրամի կողմից մշակվող տարածքները խառնել են վարչապետի ընկերության կողմից մշակվող հողատարածքների հետ։

«Քանի որ Արայիկ Հարությունյանը, որպես կառավարության ղեկավար, հաճախակի շրջայց է կատարում հիմնադրամի տարածքներում, երբեմն առիթավորվողներ են լինում՝ սխալմամբ կամ միտումնավոր շահարկելով նրա անունն ինչ-ինչ նպատակներով», – ասել է Բեգլարյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է թերթը, Քաշաթաղում համոզված են, որ հողերի տերը վարչապետն է։

«Մենք էդ հիմնադրամի մասին գիտենք։ Եթե բերեն ստեղ ալյուր ծախեն 5 հազարի փոխարեն մի 50 դրամ էժան՝ ասելով, որ դա հիմնադրամի ալյուրն է, կառնենք։ Բայց բոլորը գիտեն, որ վարչապետինն է, ամեն տեղ վարչապետի անունն է տրվում, վարչապետը խանութ ունի», ֊ ասել է Սիմոնյանի զրուցակիցներից մեկը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում