Երևանի կենտրոնում գտնվող Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքին ստվարաթղթե տանկով հարվածած «Հակահարված» արտ֊խմբի անդամ Արտակ Գևորգյանն արդարացվել է․ դատարանը նրա գործողություններում հանցակազմ չի գտել։ Այսօր Գևորգյանի գործով վճիռը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթերցել է դատավոր Գագիկ Պողոսյանը։
Մինչև վճիռը դատախազ Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ Գևորգյանին պետք է անմեղ ճանաչել։ Դրանից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որտեղ երկու ժամից ավել է անցկացրել, ու միայն դրանից հետո հնչեցրել արդարացման վճիռը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ասել է, որ ամեն դեպքում վճիռն իր համար անսպասելի էր։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ նախորդ դատական նիստից հետո, երբ ԱԱԾ-ն թուղթ էր ուղարկել դատարան, որով հայտնել էր, որ հրաժարվում է իր բողոքից, արդեն կարելի էր եզրակացնել վճռի բովանդակությունը։
«Ես շարունակելու եմ այս տիպի ակցիաները։ Ինչքան ինձ ուզենան հետ պահել, իմ գործունեության վրա դա չի ազդի։ Պահը գա, ես էլի կարձագանքեմ իմ ձևով», – ասել է Գևորգյանը։
Փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ ԱԱԾ-ի վերջին գրությունը կապված էր այդ կառույցի ղեկավարության փոփոխության հետ։
«Առաջին օրվանից ես ասել եմ՝ քրեական գործը չունի դատական հեռանկար, ուղղակի ծիծաղելի էր, որ քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործը կարճեց ոչ թե դատախազությունը կամ դատարանը, այլ արեց ԱԱԾ-ն», -ասել է փաստաբանը։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Հակահարված» արտ֊խմբի անդամ Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով «դիտավորությամբ հարվածել է ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»: