Home / Հայաստան / Վճռաբեկը մասնակի բավարարեց երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկների դեմ բողոքը

Վճռաբեկը մասնակի բավարարեց երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկների դեմ բողոքը

Վճռաբեկ դատարան այսօր մասնակիորեն բավարարվել է 2013 թվականի հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կողմից ներկայացրած բողոքը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում է, որ Վճռաբեկ բողոքով կազմակերպությունը պահանջել էր բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թ. դեկտեմբերի 22-ի որոշումը, համաձայն որի ճիշտ չի գնահատվել «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ, ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործողությունները։

Վճռաբեկ բողոքով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել էր փոփոխել ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ սահմանված ներկայիս պատիժը և նրանց նկատմամբ սահմանել համապատասխանաբար՝ 3 տարի և 3 տարի 6 ամիս ժամկետով պատիժ: Նշենք, որ բժիշկները դատապարտվել էին 2 և 2.5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել։

Բացի դա, տուժող կողմը վճռաբեկ բողոքով պահանջել էր նաև ամբաստանյալների նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ նրանց զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից համապատասխանաբար՝ 3 տարի և 2 տարի ժամկետով:

Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է միայն վերջին մասով։ Այժմ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լրացուցիչ պատիժ նշանակելու մասով կիրականացնի նոր քննություն:

Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել 2012 թ. դեկտեմբերի 31-ին և իսկ հունվարի 2-ին մահացել է թոքաբորբից։ Տուժող կողմը պնդում էր, որ երեխան մահացել է բժշկական սխալի հետևանքով, մինչդեռ պաշտպանական կողմը վստահություն էր հայտնում, որ բժիշկները ամեն ինչ ճիշտ են արել և երեխայի մոտ կայծակնային թոքաբորբ է առաջացել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: