Home / Հայաստան / ԱԺ պատգամավորը դատապարտել է Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը

ԱԺ պատգամավորը դատապարտել է Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող, «Նոր Հայաստան» նախաձեռնության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությամբ բոլոր հիմքերը կան պնդելու, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանը։

«Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են քրեական հոդվածների տանիքի տակ։ Կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում՝ օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունենալու պիտակից», – ասել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Սեֆիլյանից բացի, Հայաստանում կան նաև այլ քաղբանտարկյալներ։

Նշենք, որ միջազգային և տեղական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և ուժեր Հայաստանում քաղբանտարկյալ են ճանաչել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 2013-ից ազատազրկված Շանթ Հարությունյանին և նույն գործով ձերբակալված մյուս գործիչներին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։