Գլխավոր / Տեսանյութեր / Զինվորի սպանությունը կոծկել են ի օգուտ «չաստ նայողի» և նրա շրջապատի․ փորձագետ

Զինվորի սպանությունը կոծկել են ի օգուտ «չաստ նայողի» և նրա շրջապատի․ փորձագետ

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 2015-ի մայիսի 8-ին սպանել են ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանին, մինչդեռ նախաքննական մարմինը կեղծ քննություն է անցկացրել՝ արժանահավատ համարելով ինքնասպանության վարկածը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Համբարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ քննիչ Նվեր Ավետիսյանը և դատախազ Կարեն Աղաբեկյանը, ինչպես նաև նրանց գերատեսչությունների ղեկավարները՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանցագործներ են, ովքեր ամեն ինչ արել են իրական մեղավորներին պատասխանատվությունից ազատելու համար։

Մարտիրոսյանը զավեշտալի է համարում այն, որ, ըստ նախաքննության, Համբարյանի գործում չկան մեղավորներ, անգամ մարդիկ, ովքեր նրան ինքնասպանության են հասցրել։ Համաձայն գործի նյութերի, Համբարյանն առանց պատճառի ինքնասպան է եղել․ դա կատարելու համար նա չի ունեցել ընտանեկան, անձնական, ծառայողական պատճառներ, նաև չի տառապել հոգեկան հիվանդությամբ։

Մարտիրոսյանը, իր հերթին, պնդում է, որ Համբարյանի սպանությունը խմբակային է եղել, այն կոծկվել է ի շահ մի քանի անձանց, և սպանողների թվում կարող էր լինել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար Մովսես Հակոբյանի (ներկայում՝ ՀՀ ՊՆ փոխնախարար) ազգականը՝ Սասուն Հակոբյանը։

Որպես սպանության վարկածն ապացուցող փաստ, ռազմական փորձագետը նշում է, որ ինքնաձիգի և փամփշտատուփի վրա, որից իբր ինքնասպանություն է գործել Հարություն Համբարյանը, չեն եղել մատնահետքեր։

«Կոպիտ ասած, ձեռքով էդ բոլոր մատնահետքերը ոչնչացրել են։ Դա կարող էր անել Սմբատ Հայրապետյանը (զինվորը, ով, ըստ իր ցուցմունքի, դեպքից հետո մոտ 20 րոպե մնացել է Համբարյանի դիակի մոտ֊խմբ․) կամ քննիչը։ Քանի որ քննիչը չի ուզում քննություն տանել պարզելու համար, թե ով է ոչնչացրել մատնահետքերը, նշանակում է՝ հենց ինքն էլ ոչնչացրել է։

Բացի դա, քննիչը հարցրել է դատաբժշկին՝ կա արդյոք փաստ, որ Համբարյանն իրեն սպանել է զենքի ընդհուպ կրակոցով։ Դրան ուղղակի պատասխան դատաբժիշկը չի տալիս, սակայն նրա գրածից ստացվում է, որ ընդհուպ կրակոց չկա, կա մոտ տարածությունից արձակված կրակոց։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ գնդակը մտել է ճակատային շրջանում վերևից ներքև ուղղությամբ․ այսինքն՝ Համբարյանը չէր կարող, նրա ձեռքերը չէր հասնի, որպեսզի վերևից ներքև կրակեր մոտ տարածությունից։ Խոսքը գնում է զենքի փողի մասին, և ուրեմն եթե փողը գտնվեր 30 սմ, 20 սմ կամ 10 սմ հեռավորության վրա, նա չէր կարող ինքն իր վրա կրակել», ֊ ասել է Մարտիրոսյանը։

Անդրադառնալով Սասուն Հակոբյանի դերակատարմանը՝ փորձագետը վարկած է առաջ քաշում առ այն, որ վերջինս կազմակերպել է և, գուցե, մասնակցել է սպանությանը։
Մարտիրոսյանը նշում է, որ Հարություն Համբարյանը մահվանից առաջ քրոջը պատմել է Սասուն Հակոբյանի մասին՝ ընդգծելով, որ այդ զինվորը եղել է Մովսես Հակոբյանի բարեկամը և «չաստ նայողը»։ Համաձայն մի քանի ականատեսների, Հարություն Համբարյանը իր մահվանից մոտ 20 օր առաջ՝ ապրիլի 19-ին, ընդհարվել է Սասուն Հակոբյանի հետ, ինչը, փորձագետի խոսքով, կարևոր փաստ կարող է հանդիսանալ գործի համար։

Մարտիրոսյանն ասում է, որ ընդհարման մասին հիմնական ցուցմունքը տվել է ոմն ավագ լեյտենանտ, սակայն այդ ցուցմունքը վերացվել է քննության ընթացքում, պահպանվել են միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների կողմից այդ ընդհարման վերաբերյալ վերցված բացատրությունները։ Փորձագետն ընդգծում է, որ այդ բացատրություններն իրենց տրամադրվել են պատճենահանված, սակայն պատճենն այնքան վատ որակի էլ, որ կարևոր հատվածներն անընթեռնելի են։

«Այնուամենայնիվ, ցուցմունքը չկա, բացատրությունը կա։ Քննիչը պարտավոր էր հարթել այդ հակասությունը, և [ենթադրաբար] քննիչն ավագ լեյտենանտին ասում է՝ էդ ի՞նչ ցուցմունք ես տվել, տղա ջան։ Հիմա, պարզ ասենք, մեր ավագ լեյտենանտին ստիպել են հրաժարվել իր ցուցմունքից․ [նա գրել է] ոչ թէ եղել է Սասուն Հակոբյանը, այլ լրիվ այլ անձ։ Ավագ լեյտենանտը Սասուն Հակոբյանին դարձրել է այլ զինվոր, իսկ հետագայում ավելի են խորացել, ու Հարություն Համբարյանին փոխարինել են մեկ այլ զինվորով։ Ստացվել է, որ երկու զինվոր փոխարինման են եկել իրական ընդհարվողներին։ Սասուն Հակոբյանի գործոնը շատ կարևոր է, քանի որ մենք նաև տեղյակ ենք, որ դեպքից առաջ Հարություն Համբարյանը զանգահարել է նրան, եղել է հեռախոսային ռազբորկա։ Հիմա մենք հիմնավոր վարկած կարող ենք առաջ քաշել՝ Սասուն Հակոբյանը դեպքի օրը պետք է գար հենց էդ դիրք, որտեղ Համբարյանն էր, և գար ոչ թե մենակ, այլ իր թիկնապահներով։ Եվ հենց էդտեղ էլ մեր «ականատես֊վկա» Սմբատ Հայրապետյանի հետ նրանք սպանել են Հարություն Համբարյանին։ Նրանք մինիմում եղել են 4-5 հոգի», ֊ նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ գործը հապճեպ, օրենքի խախտմամբ է ուղարկվել դատարան, քանի որ հնարավորություն չի տրվել տուժող կողմին գործի վերաբերյալ միջնորդություն կատարել սահմանված ժամկետում, որը 1 ամիս է։ Տուժող կողմը բողոք է ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով վերացնել օրենքի խախտումը։ Նախորդ շաբաթ Մարտիրոսյանին զանգահարել են Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ բողոքի հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել։

Մանրամասները՝ տեսանյութում․