Home / Ազգային ժողով / ՀՕՊ համաձայնագիրը՝ դավաճանական և խուլիգանական, վստահ է պատգամավորը

ՀՕՊ համաձայնագիրը՝ դավաճանական և խուլիգանական, վստահ է պատգամավորը

«Պարզ ասեք՝ այս համաձայնագրի շրջանակներում ՀՕՊ-ը (հակաօդային պաշտպանություն) չի խոցելու ադրբեջանական ինքնաթիռները։ Սա նախատեսված ինչ-որ 4-րդ, 5-րդ համաշխարհային պատերազմների համար, որտեղ Հայաստանը ոչ մի հետաքրքրություն չունի մեծ հաշվով»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա հարց է բարձրացրել` եթե Հայաստանի ՀՕՊ-ից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ ՌԴ-ից՝ հակառակը, այդ ինքնաթիռներն, օդ կբարձրանա՞ն, թե ոչ։

Նազարյանը նշել է, որ նման բան չի կարող լինել, իսկ եթե լինի էլ, այդ հարցերը կարգավորվում են փաստաթղթերով։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի սեփական կործանիչ ավիացիայի բացակայության խնդրին։ Փաշինյանը Պաշտպանության փոխնախարար, համաձայնագիրը ներկայացնող Արա Նազարյանին հիշեցրել է, որ հունիսի 10-ին ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը Հ1֊ի եթերում հայտարարել է՝ Հայաստանն առայժմ չունի կործանիչ ավիացիա և հետաքրքրվել է՝ ինչու։

Արա Նազարյանը պատասխանել է, թե պետությունը դեռևս միջոցներ չունի դրա համար։

Իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համաձայնագիրը որակել է «խուլիգանական և դավաճանական»։

«Մենք բավական լիազորություններ ենք տրամադրում Ռուսաստանին, որն Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը և շարունակում է զենք մատակարարել նրան։ Նրան զենք են մատակարարում, իսկ մեզ հետ պայմանագիր է ստորագրում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընկերությունը․ ՌԴ-ն մեր թշնամիներին կտա արժեքավոր տեղեկատվությունը։ Սա ուղղակի դավաճանություն է, այս համաձայնագիրը ստորագրվել է ամիսներ առաջ և հետո դանդաղ մտավ ԱԺ։ Սերժ Սարգսյանի Սանկտ-Պետերբուրգ այցից հետո այս համաձայնագիրն արագ արտահերթ մտավ խորհրդարան վավերացման։ Ի՞նչ է Սերժը պայմանավորվել այնտեղ, սա ի՞նչ ապօրինի գործարք է, ո՞րն է հաջորդ դավաճանական քայլը նրա կողմից։ Սա խուլիգանական փաստաթուղթ է», – իր ելույթը եզրափակել է պատգամավորը։

«Դուք Ձեր խնդիրը արդեն կատարեցիք, կարող եք գնալ տուն գալչկա դնել, որ ինչ որ պետք է անեի, արեցի։ Հիմա փորձեմ ռացիոնալ բաների պատասխանեմ։ Մենակ դո՞ւք եք Հայաստանում հասկանում անվտանգությունից։ Իրականում Ձեզ ոչ էլ հետաքրքրում է Հայաստանի անվտանգությունը, ոչ էլ բան եք հասկանում դրանից», – Փոստանջյանին պատասխանել է հարակից զեկուցող, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։