Home / Հայաստան / Դատարանները չպետք է օգտագործեն խոշտանգման հետևանքով կորզած ցուցմունքները․ փաստաբան

Դատարանները չպետք է օգտագործեն խոշտանգման հետևանքով կորզած ցուցմունքները․ փաստաբան

2015 թվականին որևէ գործ խոշտանգման հոդվածով հայաստանյան դատարանում քննության չի առնվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան հասարակությունն ընդհանրապես անտարբեր է իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվող խոշտանգումների դեպքերի նկատմամբ։

«Այն, որ խոշտանգման դեպքերը պետք է բացահայտի Հատուկ քննչական ծառայության կողմից դա պարզ է։ Բայց նաև պետք է խոշտանգված անձիք բարձրաձայնեն։ Խոշտանգված անձանցից 10-ից 1-ին եմ կարողանում համոզել, որ դիմի ու շարունակի պայքարը», – նշել է փաստաբանը։

Նա հիշել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում խոշտանգումների վերաբերյալ ինքը շահել է 3 գործ, սակայն, փաստաբանի համոզմամբ, այդ թիվը կարող էր հասնել 30-ի, եթե իր պաշտպանյալները մինչև վերջ գնային։

«Մեր հասարակությունը հանդուրժող է խոշտանգումների վերաբերյալ։ Հասարակոությունը չի հասկանում, որ խոշտագվողի տեղը յուրաքանչյուրը կարող էր լիներ։ Երբ կալանավորին խոշտանգում են, ասում են՝ դե, արժանի է, մի հատ էլ պետք է ծեծեին։ Երբ ասում ենք, որ 8 հոգու համար նախատեսված խցում ապրում է 15 հոգի, հասարակությունը չի ցնցվում, այլ ասում է՝ դե, թող մի քիչ էլ նեղություն կրեն»,- ասել է Ալումյանը։

Վերջինիս խոսքով՝ խոշտանգումների վերաբերյալ հասարակական տրամադրվածության առումով հայաստանյան հասարակությունը բավականաչափ հետ է հարևան Վրաստանից. «Երբ Վրաստանում 2012 թվականի ընտրություններից առաջ բանտերում եղած խոշտանգումների վերաբերյալ տեսանյութեր հայտնվեցին համացանցում, այնտեղի հասարակությունը շատ սուր արտահայտվեց։ Ես հավաստիացնում եմ, որ մեզ մոտ նույն կամ ավելի վատ վիճակ է բանտերում։ Ու մտածում եմ, եթե մեզ մոտ բացահայտվի, թե ինչ է տեղի ունենում ՔԿՀ-ներում, հավանաբար մեր հասարակությունը շատ լավ դա կընդունի»։

Փաստաբանը անդրադարձել է նաև խոշտանգումների վերաբերյալ դատարանների վերաբերմունքին։

«Շատ դեպքերում խոշտանգում են և ցուցմունք վերցնում, և դա էլ դնում են մեղադարականի հիմքում։ Բայց այդ ցուցմունքները չի կարելի օգտագործել։ Բայց դե պարզ է, դատարանում կա հատուկ պահանջարկ, որ վերցնեն այդ ցուցմունքը, ուրեմն ամեն ձևով, խոշտանգելով կվերցնենք դրանք։ Դատարանները ոչ մի դեպքում կասկածելի ցուցմունքները չպետք է օգտագործեն», ֊ նշել է բանախոսը։

Ալումյանը հիշել է մի դեպք, որի ժամանակ հենց դատավորն է խոշտանգմանը «դրական վերաբերվել»։

«2003 թվականին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանն ասել էր, որ թեև զինծառայող, ամբաստանյալ Միշա Հարությունյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն կիրառվել է ճշմարտությունը բացահայտելու համար։ Եվրոպայում ինկվիզիցիայից հետո դեռ այսպիսի արտահայտություն անող չի եղել։ Բայց այդ դատավորը շարունակում էր պաշտոնավարել։ Բայց դատավոր Սամվել Մնացականյանին պաշտոնից ազատեցին, քանի որ նա գրավի դիմաց ազատել էր մի բանտարկյալի, որը իրոք հետագայում պարզվել էր, որ հանցանք չի կատարել։ Փաստորեն մեր դատավորները, հօգուտ մարդուն որոշում կայցնելով, կարող են զրկվել պաշտոնից, իսկ երբ արդարացնում են բռնությունը չեն ազատվում», ֊ ասել է Ալումյանը՝ ընդգծելով, որ Լեռնիկ Աթանյանը միայն կարգապահական տույժի էր ենթարկվել։