Home / Հայաստան / «Ենթակա չէ վերանայման» եզրը հակասահմանադրական է, պնդում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամը

«Ենթակա չէ վերանայման» եզրը հակասահմանադրական է, պնդում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամը

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը համարում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական է, քանի որ ներառում է «ենթակա չէ վերանայման» եզրը։

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ավետիսյանի՝ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը վիճարկող հայցադիմումը: Վիճահարույց հոդվածը թույլ է տալիս դատարանին կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը «ենթակա չէ վերանայման»:

Համաձայն Սահմանադրական դատարան դիմած Ավետիսյանի և նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամ Տաթևիկ Սիրադեղյանի, հոդվածը հակասահմանադրական է, քանի որ խախտում է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Փետրվարին Վարչական դատարանը մերժել էր Վարուժան Ավետիսյանի բողոքն ընդդեմ նախաձեռնության հավաքը սահմանափակող Երևանի քաղաքապետարանի որոշման (Քաղաքապետարանն արգելել էր վրաններ տեղադրել Ազատության հրապարակում և հավաք անցկացնել նաև գիշերային ժամերին ֊ խմբ․)։ Դատարանը որոշումը կայացնելիս հենվել էր հենց 205-րդ հոդվածի 2-րդ մասի վրա։

Ավետիսյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ «վերանայման ենթակա չէ» ձևակերպումը նշանակում է, որ անձը չի կարող վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, այս դեպքում՝ Վարչական վերաքննիչ դատարանում։

Սիրադեղյանի խոսքով՝ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը, որի սահմանադրականությունն իրենք վիճարկում են, ներառված է օրենսգրքի հավաքների ազատությունների մասին գլխում․ «Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» գլխում:

Սահմանադրական դատարանը հոդվածի սահմանադրականությունը կքննի հոկտեմբերի 11֊ին: