Home / Հայաստան / Պուտինի այցի օրը նախագահականից ուժով հեռացված ընտանիքի գործով դիմել են ՄԻԵԴ

Պուտինի այցի օրը նախագահականից ուժով հեռացված ընտանիքի գործով դիմել են ՄԻԵԴ

2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի պատճառով բռնությամբ ՀՀ նախագահի նստավայրի դիմացից հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ամուսիններին հեռացրել էին քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ։

Բողոքը ներկայացրել է Խուդոյանի և Մակարյանի պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը։ Համաձայն գանգատի՝ պետությունը խախտել է ցուցարար ամուսնների Հավաքների և միավորման ազատությունը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 11-րդ հոդված), Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը (ՄԻԵԿ 3-րդ հոդված), Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (ՄԻԵԿ 8-րդ հոդված), Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (ՄԻԵԿ 5֊րդ հոդված) և Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը (ՄԻԵԿ 13-րդ հոդված)։

Ներպետական ատյաններում Խուդոյանների բողոքը մերժվել է։ Վարչական դատարանը հիմնվել էր Ոստիկանության պաշտոնական պատճառաբանության վրա, թե Խուդոյանները նախագահականի դիմացի մայթից հեռացվել էին իրենց իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքն ընդգծում է, որ ամուսինները ցույցի վայրից նրանց հեռացնելու պահին Աշոտ Խուդոյանը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ Հեղինե Մակարյանը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, քանի որ նրան և երեխաներին առանձին մեքենաներով են տեղափոխել, իսկ 8-ամսական երեխան էլ մնացել է ցույցի վայրում: Այնտեղ են մնացել նաև ցուցարար ընտանիքի իրերը, այդ թվում՝ գումար և այլ արժեքավոր իրեր: