Home / Հայաստան / Կիևում հազարավոր մարդիկ բողոքում են գազի գնի բարձրացման դեմ

Կիևում հազարավոր մարդիկ բողոքում են գազի գնի բարձրացման դեմ

Ուկրաինայի տարբեր քաղաքների հազարավոր բնակիչներ այսօր՝ հուլիսի 6֊ին, հավաքվել են մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ բողոքելու կոմունալ ծառայությունների և գազի գների բարձրացման դեմ։ Ցուցարարները, բաժանվելով երկու շարասյան ու քաղաքի կենտրոնով մոտենալով Գերագույն ռադայի շենքին, արգելափակել են Գրուշևսկու փողոցի երթևեկությունը։

Ակցիային մասնակցում են Ուկրաինայի արհմիությունների ֆեդերացիան, Մետաղագործների ու հանքագործների արհմիությունը, Ազատ արհմիությունների կոնֆեդերացիան, և այլն։

«112» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցուցարարների թիվը կազմում է շուրջ 5 հազար մարդ․ նրանք պահանջում են բարձրացնել մինիմալ աշխատավարձը և բարեփոխումներ կատարել աշխատավարձերի վճարման համակարգում։ Բողոքողների պնդմամբ՝ Ուկրաինայում աշխատավարձը «պետք է լինի եվրոպական, այնպիսին, ինչպիսին երկրում գներն են»։

Այսօր ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ջեռուցման սեզոնը վտանգված է, քանի որ «Նավթոգազ Ուկրաինա»-ն արգելափակել է 104 էներգետիկ ընկերություններ հաշիվները։ «Սահնակները պետք է ամռանը պատրաստենք։ Ջեռուցման սեզոնի նախապատրաստման համար ծախսվում են ահռելի գումարներ, սակայն այսօր արգելափակված են 104 էներգետիկ ընկերությունների հաշիվներ։ Կա վտանգ, որ ջեռուցման սեզոնին պատրաստ չենք լինի»,֊ ասել է Կլիչկոն։

Ուկրաինայում գազի բարձրացված գներն ուժի մեջ են մտել մայիսի 1֊ից, իսկ հուլիսի 1֊ից թանկացել է նաև տաք ջուրը։ Բնակչության համար ջեռուցման գներն աճել են գրեթե կրկնակի։