Home / Հայաստան / Գլխավոր շտաբի պետի որդին՝ հրամանատար․ նրա անվան հետ աղմկահարույց պատմություններ են կապված

Գլխավոր շտաբի պետի որդին՝ հրամանատար․ նրա անվան հետ աղմկահարույց պատմություններ են կապված

Հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորի Խաչատուրովը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի (լուսանկարում) որդին է։

Նորանշանակ հրամանատարի անվան հետ մի շարք աղմկահարույց պատմություններ են կապված։ Մասնավորապես, ինչպես հիշեցնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, 2010 թվականին Գրիգորի Խաչատուրովը մեծ աղմուկով հեռացվել է համակարգից, երբ նրա գլխավորած 4-րդ բանակային կորպուսում մեծ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Կարճ ժամանակ անց նա վերականգնվել էր համակարգում՝ զբաղեցնելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

2013 թվականին nrnak.com կայքը գրել էր, որ Յուրի Խաչատուրովի որդին (չնշելով անունը֊խմբ․) ալկոհոլի ազդեցության տակ 4 զինծառայողի է ծեծի ենթարկել: Համաձայն կայքի, ծեծված զինծառայողներից երեքը Վանաձորի հոսպիտալ, իսկ Զորիկ անունով զինվորին, ում վիճակը չափազանց ծանր էր, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել էր Երևանի հիվանդանոցներից մեկը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր այդ լուրը՝ տեղեկությունները բացարձակ սուտ անվանելով: