Home / Տեսանյութեր / Իսկական տղամարդու պահվածք․ Կինը և հայրը ծանր վիճակում են, մայրը զոհվել է

Իսկական տղամարդու պահվածք․ Կինը և հայրը ծանր վիճակում են, մայրը զոհվել է

– Կանանց ռեսուրսային կենտրոնում այսօր սովորական օր էր․ մեր հերթական նիստն էինք անցկացնում մեր շահառուների՝ ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, որոնք փորձում են իրենց կյանքը կրկին իրենց ձեռքը վերցնել։ Բոլորն այնտեղ էին, բացի մեկից․ Թ֊ն բացակայում էր։ Նա չէր կարողացել գալ հանդիպմանը, քանի որ նախկին ամուսինը երեկ գիշերը վերջապես բռնացրել էր նրան։ Նա ներխուժել էր կնոջ ծնողների տուն, մոր գլուխը ջախջախել կացնով ու հարձակվել նրա ու հոր վրա։ Մայրը մահացել է, հայրը վիրավոր է, բայց արդեն լավ է զգում, իսկ Թ֊ն գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրա 2֊ամյա երեխան հարևաններից մեկի տանն է։

Թ֊ն այս ամենից առաջ դիմել էր ոստիկանությանը՝ խնդրելով պաշտպանել իրեն ամուսնուց, որը բազմիցս ծեծի էր ենթարկել ու սպառնացել թե՛ իրեն, թե՛ իր ծնողներին։

Ոստիկանությունը, ինչպես շատ այլ դեպքերում, ի վիճակի չեղավ պաշտպանել նրան․ թեև, եթե նրանց հարցնենք, կասեն, որ «միջամտում ենք, գործում ենք․․․»։ Կառավարությունը դեռևս հետաձգում է ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունումը։ Իսկ բազմաթիվ տղամարդիկ շարունակում են կարծել, որ կանայք իրենց սեփականությունն են, և որ նրանց ծեծելն ու դաժանություն կիրառելը «իսկական տղամարդու պահվածք է»։

Մարդիկ մինչ օրս հարցնում են՝ «ի՞նչ ա արել, որ էս աստիճանի ծեծվել ա»։ Տանը կանանց դեմ պատերազմն ավելի մեծ թվով զոհեր է տալիս, քան՝ պատերազմը սահմանին, սակայն ոչ ոք դրա շուրջ չի մոբիլիզացվում։ Ու դա արդեն անտանելի է, ֊ այսօր գրել է իրավապաշտպան Լարա Ահարոնյանը։

Առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն «հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում, 1985թ. ծնված Վ. Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն»։

Դեպքի առթիվ իրավապահները հարուցել են գործ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն», և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ»։

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ և այլ առարկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մարտիրոսյանը ձերբակալվել է»,֊ ասված է հաղորդագրության մեջ։

լուսանկարը՝ news.am