Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա. Փաշինյանը վերադարձավ Խորենացի փողոց

Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա. Փաշինյանը վերադարձավ Խորենացի փողոց

Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության կարևորագույն դրույթը եղել է և մնում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը: Այս մասին նա ասել է այսօր Խորենացի փողոցում, որտեղ 6-րդ օրն է մարդիկ հավաքվում են ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Փաշինյանը, ով երեկ ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ չի պատրաստվում Խորենացի փողոց գալ, այնուամենայնիվ, այսօր եկել է ու պատրաստակամություն հայտնել ստանձնել Խորենացու հավաքի կազմակերպումը:  

Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և պետք է հեռանա իշխանությունից, բայց նաև ընդգծել, որ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցի պատասխանը պետք է տա ժողովուրդը, քանի որ «միայն ժողովուրդն է իրավասու ինչ-որ մեկին իշխանությունից հեռացնելու կամ իշխանության բերելու հարցը»: 

Պատգամավորը ևս մեկ անգամ հորդորել է մարդկանց բռնություններ չկիրառել և սադրանքներին չտրվել. «Այս վայրը պետք է լինի ոչ թե բռնությունների, այլ ժողովրդի կամքը արտահայտելու վայր, որտեղ չպետք է լինեն հարբած և վատ վարքով մարդիկ, որովհետև դրանք ԱԱԾ-ի գործակալներ են: Ես այստեղ կլինեմ անքան ժամանակ, քանի դեռ դա պետք է ՀՀ քաղաքացիներին: Իսկ մարդկանց թիվը այստեղ օրեցօր պետք է շատանա, որ երևա՝ քաղաքը ոտքի է կանգնել: Իսկ դրանից հետո պետք է ոտքի կանգնեն բոլոր մարզերն ու մարզկենտրոնները»:

Փաշինյանը նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին: Նա կարծիք է հայտնել, թե Լևոն Տեր – Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ դիվանագիտական շրջանակներում «Լավրովի պլան» անվանումով հայտնի ծրագիրը, որը «խայտառակություն է  բոլորի համար»:

Փաշինյանի ելույթից հետո մարդիկ մնացել են Խորենացի փողոցում, կազմակերպչական բնույթի հարցեր քննարկել: Որոշում է կայացվել վաղը երեկոյան կրկին  հավաքվել նույն վայրում: Գիշերը 03:00-ի դրությամբ Խորենացի փողոցում դեռ մի քնաի տասնյակ ցուցարար էր մնացել: